Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը ընդունելի չէ մեր կառավարության համար. Տիգրան Ավինյան

10 Հունիս, 2021 13:31
Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը ընդունելի չէ մեր կառավարության համար. Տիգրան Ավինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարություն 2013 թ. օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշմամբ հաստատված ցանկից հանել՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք.» հասցեները։ Ինչպես նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վերոնշյալ որոշման հավելվածում նշված մի շարք տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակա է ճանաչվել օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից պետք է վերանային առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, և որի փոխարեն նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, նախատեսվում էր ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացնել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: 

«Նշված նպատակների իրագործման համար ձեռքբերողը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետք է սկսեր սեփականության օտարման գործընթացը, որը, ըստ նշված որոշման, չէր կարող ավելի ուշ լինել քան 2015թ. հունվարի 1-ը, իրականացներ ձեռք բերվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցում, ինչպես նաև ձեռնարկեր համապատասխան քայլեր ուղղված օտարման նպատակի իրագործմանը, այն է՝ քաղաքաշինական համապատասխան գործընթացների մեկնարկելուն: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ 2013թ-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել:

Ըստ Արմեն Ղուլարյանի, հիմք ընդունելով վերոգրյալը, կարելի է արձանագրել, որ օտարման նպատակի իրագործումը սահմանված ժամկետում չիրականացնելը նշանակում է գերակայության բացակայություն, ինչը հանրության գերակա շահ ճանաչելու համար կարևորագույն պայման է և օրենքի խստագույն պահանջ: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած՝ սույն որոշմամբ նշված տարածքների ձեռքբերող ճանաչված անձը արդեն իսկ հանդիսանում է դրանց մի մասի սեփականատեր՝ օրենքով սահմանված կարգով, միևնույն ժամանակ նույն որոշման հավելվածում նշված մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռևս ձեռք չի բերվել, այդ հասցեներում գտնվող գույքի նկատմամբ ճանաչվել է որպես պատմամշակութային հուշարձան, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հնարավոր հանրության շահի առկայության հարցը, այդ թվում՝ վերջինիս գերակայությունը»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Նա նշել է նաև, որ բացառիկ գերակա շահի առկայությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին« ՀՀ օրենքի դրույթները.

«Այսինքն՝ հաշվի առնելով այն, վերոգրյալը ծրագիրը, ըստ էության, կորցրել է իր գերակա լինելու հատկանիշը, և պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր նշված տարածքում գոյություն ունեցող հուշարձանների և այլ գույքի նկատմամբ ծագած հարաբերությունների կանոնակարգման և իրավական որոշակիության ապահովման ուղղությամբ»։

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը վերաբերում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից դեպի մինչև Սախարովի հրապարակ ընկած տարածքում գերակա շահ ճանաչված որոշմանը:

«Ընդհանուր առմամբ մի քանի շենքեր ճանաչվել են նաև մշակութային արժեք ներկայացնող: Փաստացի կարելի է ասել, որ այս գործընթացում քաղաքաշինական մեծ առաջընթաց չի եղել: Եվ նաև, հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել կառավարության 2013թ. որոշումից: Առաջարկվել է քաղաքապետարանին քաղաքաշինական նոր սխեմա կազմել այդ հատվածում: Ես ուզում եմ ուղղակի հատուկ շեշտել, որ պատմամշակութային արժեք ներկայացնող նման շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը, ընդհանուր առմամբ, ընդունելի չէ մեր կառավարության համար»,-ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման և դրանցում իրականացվող քաղաքաշինական գործընթացները. 

«Պարբերաբար այդ ուղղությամբ առաջարկություններ ենք ներկայացրել, և սա հերթականներից մեկն էր»:

Լրահոս

Դիտել ավելին