Կարևոր իրադարձություններ

Հայաստանում որ հիվանդություններից են ավելի շատ մահանում. «Ժողովուրդ»

09 Հունիս, 2021 09:08
Հայաստանում որ հիվանդություններից են ավելի շատ մահանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 4 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 9 հազար 445 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 704 մարդ:

Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 4 ամիսներին մահացել է 5 հազար 280 մարդ, իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին՝ 5 հազար 821:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-ապրիլ ամիսներին մահացել է 1828 մարդ, իսկ այս տարվա 4 ամիսներին՝ 1746: Ճիշտ է, այս ցուցանիշը 82-ով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը:

Բնակչության ծերացման գործոնը իր ազդեցությունը թողնում է մահացության ցուցանիշի եւ պատճառների վրա: Մասնագետների կարծիքով՝ մենք ծերացող հասարակություն ենք, եւ ժողովրդագրական տեսանկյունից եթե դիտարկենք, բնակչության պակաս ունենք»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին