Կարևոր իրադարձություններ

ՇՄՆ-ն ահազանգեր է ստանում, որ Երևանի փողոցներում վաճառում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը

08 Հունիս, 2021 10:29
Հեղինակ՝ Շրջակա միջավայրի նախարարություն
ՇՄՆ-ն ահազանգեր է ստանում, որ Երևանի փողոցներում վաճառում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի
Սիրելի հայրենակիցներ, Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Քաղաքացիներին, արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ։

ՀԻՇԵՑՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը

 

Լրահոս

Դիտել ավելին