Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը՝ դիակային սառնարանային տեղերի մասին

05 Հունիս, 2021 17:39
Առողջապահության նախարարությունը՝ դիակային սառնարանային տեղերի մասին
Մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը` բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել, ծառայությունն իրականացվել է բժշկական կենտրոնների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում և օգտագործվել է մարզային ԲԿ-ների կողմից տրամադրված ախտաբանաանատոմիական դիահերձարանները։ Այս մասին տըեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։
 
2018 թվականի մայիսից ի վեր մշակվել և կյանքի է կոչվել համապետական դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը։
Ըստ այդմ՝
1. Նախագծվել է Երևանում կենտրոնական կառույցի և բոլոր մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքները։ Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Մարտունի քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։ Սևանի և Գորիսի մասնաճյուղերի հարցն ընթացքում է։
 
2. 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել են Երևանի լաբորատորիաները, համալրվել են նոր սարքավորումներով:
 
3. 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանի սառնարանային հատվածը, նաև հիմնանորոգվում է մասնաշենքն ամբողջությամբ։
 
4. 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են խցիկային սառնարաններ, հիմա էլ շարունակվում է լրացուցիչ սառնարանի կառուցումը:
 
5. 2020 թվականին Գորիսում տեղադրվել է սառնարանային մեծ շարժական համալիր։ Ներկայումս վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը, Սևանի մասնաճյուղի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
 
Մինչ 2018 թվականը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» գենետիկական հետազոտությունների անցկացման համար նորագույն սարք` գենետիկական սեկվենատոր ընդհանրապես չի ունեցել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին և 2021 թվականի հունվարին ներկրվել է 2-րդ ամբողջական հոսքագիծը։
 
Երկու տարվա ընթացքում 25 տոկոսով մեծացել է աշխատավարձային ֆոնդը, աշխատանքներ են տարվում՝ ուժեղացնելու գիտագործնական բաղադրիչը։ Կենտրոնի բյուջեն վերջին տարիներին հետևյալ պատկերն է ունեցել` 2018 թվականին` 364 մլն դրամ, 2019 թվականին` 481 մլն դրամ: Նախորդ տարվանից` 32 տոկոսով կամ 117 մլն դրամով ավելի, 2020 թվականին` 594 մլն դրամ: 2018 թվականից` 63 տոկոսով կամ 230 մլն դրամով ավելի:
 
Սա է կառավարության իրական վերաբերմունքը զոհերի և ընդհանրապես, բոլոր հանգուցյալների նկատմամբ: Մինչև 2018 թվականը Երևանի կենտրոնական մասնաշենքում եղել է դիակային սառնարանային 25 տեղ: 2018 թվականից հետո նմանատիպ տեղերի թիվն ամբողջ հանրապետությունում հասել է 200-ի:
 

Լրահոս

Դիտել ավելին