Կարևոր իրադարձություններ

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» սկրինինգային կաբինետ է բացվել

05 Հունիս, 2021 13:25
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» սկրինինգային կաբինետ է բացվել

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» բացվել է սկրինինգային կաբինետ:

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կաբինետի գործունեությունը, ընդգծելով առողջ սերունդ ունենալու կարևորությունը․ «Շատ կարևոր է մեր մարզում նման բուժզննման սենյակներ ունենալը, քանի որ այն հնարավորություն է տալիս առողջ սերունդ ունենալու։ Այս սարքավորումների միջոցով հնարավորություն կունենանք ավելի վաղ շրջանում հայտնաբերել պտղի մոտ զարգացող հիվանդությունները և որոշումներ կայացնել՝ ըստ անհրաժեշտության»,-ասել է մարզպետը։

 «ՎԻՎԱ-Պրենատալ ախտորոշման ծառայության» բացմամբ գործելու է նախածննդյան սկրինինգային ծրագիր, որն ապահովում և պաշտպանում է մոր և մանկան իրավունքները, հուսալի և անվտանգ նախածննդյան և հետծննդյան գործընթացը։ Երեխայի զարգացման խանգարումների նախածննդյան ախտորոշումը մանկաբարձական խորհրդատվության մի մասն է, որը նպատակաուղղված է պտղի նախածննդյան վիճակի գնահատմանը, հաճախակի քրոմոսոմային անոմալիաների և բնածին արատների նախածննդյան ախտորոշմանը:

 

Կաբինետը բացվել է Վիվա բարեգործական հիմնադրամի պիլոտային ծրագրի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Նախածննդյան ծառայության շրջանակներում յուրաքանչյուր այցելու, հղիության առաջին և երկրորդ եռամսյակների սկրինինգի ժամանակահատվածում (11-14,18-21 շաբաթ), կարող է անցնել անվճար հետազոտություն: Պտղի ախտաբանության ճիշտ և ժամանակին հայտնաբերումը հնարավորություն կտա ընտանիքին որոշում կայացնելու հղիությունը շարունակելու հարցում և թույլ կտա կազմակերպել միջդիսցիպլինար խորհրդատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին