Կարևոր իրադարձություններ

Ինչի է հասել Ադրբեջանը, և ինչ ունի Հայաստանը. փաստեր. «Ժողովուրդ»

04 Հունիս, 2021 08:10
Ինչի է հասել Ադրբեջանը, և ինչ ունի Հայաստանը. փաստեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

 

«Արցախյան վերջին պատերազմը լակմուսի թուղթ էր: Պարզվեց, որ 1994թ.-ի հաղթանակից հետո մեր բանակում իրական ռեֆորմներ այդպես էլ չեն իրականացել, պարզ երեւաց, որ լուծված չեն եղել նույնիսկ տարրական հարցեր` ռադիոկապ, զրահաբաճկոն, զինվորական հանդերձանք եւ այլ: Պատերազմի օրերին խառնիփնթոր ձեւով էր շատ բաներ գնվում։

Անմիջապես պատերազմից հետո սոցցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկվել հայ ու ադրբեջանցի զինվորների հանդերձանքների որակի ու տեխնիկական հագեցվածության հսկայական տարբերությունները. անզեն աչքով էլ պարզ էր, որ ադրբեջանցիներն ավելի լավ էին զինված, որ իրենց կառավարությունն ամեն ինչ էր արել իր զինվորի կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար:

Ինչեւիցե, պատերազմը ցույց տվեց նաեւ, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից արված հեռահար քայլերը եւս արդյունք տվեցին, նրանք դեռ 2009թ.-ից սկսել էին աշխատել տիեզերքում սեփական արբանյակներ ունենալու ուղղությամբ ու այս պահին ունեն երեքը, իսկ մենք չունենք եւ ոչ մեկը, ավելին` մոտ ապագայում իրատեսական նման ծրագիր չկա:

Հետաքրքրականն այն է, որ այդ արբանյակները ադրբեջանական կողմին բերում են նաեւ հսկայական եկամուտներ, օրինակ` 2013թ.-ին ուղեծիր դուրս բերված Azerspace 1-ի վրա այդ երկիրը ծախսել է շուրջ 202մլն դոլար, իսկ մինչ 2028թ.-ը այդ արբայնակի օգտագործումից ստանալու է 600 մլն դոլարից ավել եկամուտ: Ակնհայտ հետախուզական է ադրբեջանական մեկ այլ արբայնակ` Azersky-ը, այն գործում է 2014թ.-ից ու ի վիճակի է բարձր ճշգրտությամբ դիտարկել շուրջ 6մլն քառ. կմ տարածք:

Ամենայն հավանականության հենց այս արբայնակի մասին էր խոսում Ալիեւը, երբ ասում էր՝ իրենք օնլայն ռեժիմով հետեւում էին հայկական զորքի տեղաշարժին: Այս արբանյակն արժեցել է շուրջ 157մլն դոլար եւ դարձյալ բարձր եկամուտներով է աշխատում:
Շատ չծավալվելու համար ընդամենը եկեք հիշենք, թե այդ թվականներից կամ, առհասարակ, արցախյան առաջին պատերազմից հետո ինչով ենք զբաղվել մենք։

Ինչպես բազմիս Նիկոլ Փաշունյանն է ասել, դղյակներ, անհատական մեծ հարստություններ ու ցոփ կյանք ինչքան ուզեք, բայց որեւէ խոշոր, թեկուզ շինարարական, թեկուզ տնտեսության որեւէ ճյուղի ծրագիր այդպես էլ չարվեց, նույնիսկ կիսատ մնաց հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Տրամաբանական է, որ բանակի արդիականացման ու տեխնիկական հարստացման հարցերը վերջին 2 տարում չէին լուծվելու, սա վերջին 25 եւ ավելի տարիների անգործության ու բացթողումների արդյունքն էր։ Ինչպես ասում են, ցավոք, ամեն բան շատ բնական էր ու սպասելի, հատկապես, որ հետհեղափսխական Հայաստանում ամեն ինչ արվեց նաեւ բանակը վարկաբեկելու համար»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին