Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը

03 Հունիս, 2021 17:12
Առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը

Խորհրդարանը հունիսի 3-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց  ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական

 

կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից  փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը՝ հաշվի առնելով  ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով  սահմանված դասակարգիչները, ինչն ընդունել է նաեւ Հայաստանը:  Առաջարկվում է սահմանել  հրատեխնիկական արտադրանքի դասերը՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանները:  Փոխնախարարի խոսքով՝ 2019-ին  մեր երկիր է ներմուծվել մոտ 1 մլն 100 հազար դոլարի հրատեխնիկական արտադրանք:

Նախագծով  սահմանվում է, թե երբ եւ օրվա որ  ժամերին հնարավոր կլինի կազմակերպել հրավառություններ, եւ որ տարիքի անձանց կթույլատրվի գնել հրատեխնիկական արտադրանք: Մասնավորապես, առաջարկվում է արգելել դրանց վաճառքը բնակելի շենքերի տարածքներում: Առաջարկվում է արգելել նաեւ  այն պայթուցիկ նյութերի վաճառքը, որոնց առաջացրած ձայնային աղմուկը 250 մետր հեռավորության վրա գերազանցում է 60 դեցիբելը:

Պատգամավորների մի մասն առաջարկեց բարելավել գործող համակարգը, ոչ թե փոփոխություններ առաջարկել օրենքում, ինչին ի պատասխան Ավագ Ավանեսյանն ասաց, որ առաջարկվող կարգավորումներն առավել ընդունելի են Կառավարության համար՝ հաշվի առնելով, որ համակարգի բարելավման դեպքում կարիք կլինի ներդնելու առավել մեծ ռեսուսներ:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց, թե կա՞ն արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պարզել՝ քանի դեցիբել է հրավառությունից առաջացած աղմուկը:  Ավագ Ավանեսյանը պարզաբանեց, որ խնդիրը կառավարելի է, կան մեխանիզմներ, որոնց շնորհիվ հնարավոր  կլինի  պարզել աղմուկի չափը: Նրա խոսքով՝ նման ուժգնության  հրատեխնիկական արտադրանք մեր երկրում չի արտադրվում. դրանք ներմուծվում են:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն է տվել, քանի որ  համոզիչ չեն եղել Կառավարության փաստարկներն առ այն, թե փաթեթով հնարավոր կլինի լուծել  առկա խնդիրները:  Նա առաջարկեց  բարձրացնել քաղաքացիների անդորրը գիշերային ժամերին հրավառություններով  խանգարողների  համար սահմանված տուգանքը: «Օրինակ՝ 100 հազարը  կարելի է դարձնել 1 կամ 2 մլն դրամ եւ կարգավորել հարցը»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Փոխնախարար Ավագ Ավանեսյանը եզրափակիչ ելույթում խորհրդարանին հորդորեց ընդունել նախագիծը՝ այն համարելով խնդրի լուծման արդյունավետ տարբերակ:

 

Լրահոս

Դիտել ավելին