Կարևոր իրադարձություններ

Վեց ամսով արգելվեց Հայաստանից անասունների, ոչխարների ու ձիերի անմշակ կաշվի արտահանումը

03 Հունիս, 2021 14:03
Վեց ամսով արգելվեց Հայաստանից անասունների, ոչխարների ու ձիերի անմշակ կաշվի արտահանումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման նպատակով: Որոշումը կնպաստի նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեության խթանմանը:

Հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով:

ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ: Միաժամանակ, որոշմամբ առաջարկվող արտահանման հավաստագրերի նախատեսումը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներից, համաձայն որոնց ահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու հավաստագրեր, որոնց տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին հանրապետությունում կաշվի արտադրություն իրականացրել է 39 ընկերություն:

2020 թ. արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 13.8 անգամ աճ 2019թ. նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին