Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Ատոմ Ջանջուղազյանը՝ 2020-ի ընթացքում պետական համակարգում տրված պարգևավճարների մասին

02 Հունիս, 2021 15:17
Ատոմ Ջանջուղազյանը՝ 2020-ի ընթացքում պետական համակարգում տրված պարգևավճարների մասին

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների, Պետական եկամուտների, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների տարեկան կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանատվության ներքո նախատեսված 4 ծրագրերի շրջանակներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր շուրջ 171.2 մլրդ դրամ, ապահովվել  98.8 տոկոս կատարողական: Ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ նախորդ տարվա համեմատ՝ նախարարության ծախսերն աճել են 4.1 տոկոսով կամ 6.6 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված պետական պարտքի կառավարման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի աճով:

Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով 2020-ի ընթացքում պետական համակարգում տրված պարգեւավճարների չափին, տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգում աշխատակիցների համար նախատեսված հանրագումարային հատուցման միջին ցուցանիշն ամսական 360 հազար դրամ է:  Նույն թվականին, ըստ հաշվարկային մեծության, 19 հազար 709 մարդ զբաղված է եղել պետական կառավարման համակարգում, որոնց աշխատանքի վարձատրության համար նախատեսված է եղել 87.4 մլրդ դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշեց, որ 2020-ին նախարարության բյուջեն կազմել է 9 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ 8.4 մլրդ դրամ:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ՝ «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրի իրականացման համար 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր 5.2 մլրդ դրամ: Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է շուրջ 3.9 մլրդ դրամ, ծախսերը՝ 3.7 մլրդ դրամ՝ ապահովելով 97.2 տոկոս կատարողական:

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի՝ 2020-ին կոմիտեին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ ծախսերը նվազել են 89.4 տոկոսով:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ նախատեսված 12 ծրագրերի իրականացման համար հատկացվել էր 34.1 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ համավարակի կանխարգելման նպատակով, 20.8 մլրդ դրամ միջոցներ են հատկացվել ճգնաժամերի հակազդմանը եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցմանն ու վերացմանը միտված ծրագրի իրականացման համար: Կատարողականը եղել է շուրջ 82 տոկոս:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ համավարակով եւ պատերազմով պայմանավորված՝ ՊԵԿ-ն աշխատանքը 2020-ին կազմակերպել է ստեղծված իրավիճակին համապատասխան: Միջոցառումների մի մասն ուղղված է եղել օրինախախտ հարկ վճարողների դեմ պայքարին եւ  ստվերային տնտեսության կրճատմանը: Հարկային վարչարարության եւ բիզնես միջավայրի բարելավման  նպատակով իրականացվել են բարեփոխումներ: Իրականացվել է հակաճգնաժամային 5 միջոցառում:

Կառույցը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ուղարկել է մոտ 25 հազար ծանուցում, ստացել՝ 5 հազար բացատրություն: Սեպտեմբերի տվյալների համաձայն՝ եկամուտ-հարկման բազա ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 632 հազար, եկամուտ ապահոված աշխատատեղերինը՝ 636.6 հազար: Համեմատության համար նշվեց, որ այս թիվը 2019-ին պակաս է եղել 18 հազարով:

Հաշվետու տարում համալիր հարկային  ստուգումները, վերստուգումներն ու լուծարային ստուգումները  2019-ի համեմատ նվազել են 10.2 տոկոսով: Սա, ինչպես ասաց Էդվարդ Հովհաննիսյանը,  ՊԵԿ որդեգրած քաղաքականության  շրջանակում է, որի նպատակն է նվազեցնել ստուգումների քանակը եւ գործել հնարավորինս հասցեական:

2020-ի ընթացքում կառույցն իրականացրել է մոտ 14 հազար թեմատիկ ստուգում, ինչը 2019-ի համեմատ ավելի է եղել 2400-ով կամ 21 տոկոսով: Հաշվետու տարում իրականացվել է 12 հազարից ավելի ՀԴՄ ստուգում, որը նախորդ տարվա  համեմատ ավելի է եղել 3100-ով կամ  ավելի քան 34 տոկոսով: Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ 2020-ին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն  385.2 մլրդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝  22.4 տոկոս:

ՊԵԿ-ի ծախսերը 2020-ին կազմել են մոտ 29.3 մլրդ դրամ,  իրականացվել է 10 միջոցառում, կատարողականը կազմել է 28.8 մլրդ դրամ:

Կոմիտեում կատարվել են  կառուցվածքային փոփոխություններ:   Գործառույթների կրկնման պատճառով 52-ով կրճատվել է հաստիքների թիվը:

Հաջորդիվ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ նախարարությունը  հաշվետու տարում պատասխանատու է եղել 22 ծրագրի իրականացման  համար: 181 միջոցառման  իրականացման համար հատկացվել է 207.9 մլրդ դրամ՝ նախատեսված 243 մլրդի դիմաց, կատարողականը կազմել է 85.6 տոկոս:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների պատասխանատուներն անդրադարձան կառույցների՝ հաշվետու տարվա գործունեությանը:

Լրահոս

Դիտել ավելին