Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605,5
    617,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

 

Դեսպան Մինասյանը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները

18 Մայիս, 2021 22:21
Դեսպան Մինասյանը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները

Մայիսի 18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Անջել Տըլվարի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընգծել են, որ 2021 թ. մարտի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վավերացման գործընթացն սկսվել էր Ռումինիայի խորհրդարանում դեռ 2018 թ.՝ առաջիններից մեկը։ Նշվել է, որ այդ համաձայնագիրը հնարավորություն է տալիս նաև զարգացնել Ռումինիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բազմակողմ, եվրոպական հարթակներում։

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ հավելելով, որ այս տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարաբերություններում կարևոր տեղ է ունեցել Ռումինիայի հայ համայնքը, որն ավանդաբար ներկայացված է նաև երկրի խորհրդարանում։

Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին չվերադարձնելու և դա որպես քաղաքական գործոն կիրառելու հանգամանքը, ինչպես նաև Արցախում հայկական կրոնական և պատմա-մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները, դրա առնչությամբ միջազգային, այդ թվում՝ եվրոպական երկրների և կառույցների արձագանքերը։

Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է նաև վերջին օրերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները։ Ռումինիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ տեղի ունեցած հանրային քննարկումների և բոլոր խորհրդարանական ուժերի կողմից բարձրաձայնված աջակցության համար։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև նախորդ տարի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի նպատակով Ռումինիայի կողմից Հայաստանին տրամադրված օժանդակության համար։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ համավարակային սահմանափակումների թուլացումը նոր ազդակ կհանդիսանա երկու երկրների միջև՝ միջխորհրդարանական համագործակցությունը վերաաշխուժացնելու համար։

Լրահոս

Դիտել ավելին