Կարևոր իրադարձություններ

«Հայերը մեր ընկերներն են և մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը». պաղեստինցիներ

18 Մայիս, 2021 13:45
«Հայերը մեր ընկերներն են և մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը». պաղեստինցիներ

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինաիսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։

Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե Իսրայելում և թե Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են և պաղեստինաիսրայելական հակամարտությունը մի՛ համեմատեք արցախյան հակամարտության հետ։ Մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը»։

«Այս ուղերձը միանշանակ էր,- շեշտում է Չերնամորյանը,- որովհետև այս տարածաշրջանում հեգեմոն պետությունը Եգիպտոսն է և այն երբեք թույլ չի տա, որ Թուրքիան իր քիթը խոթի արաբաիսրայելական հակամարտության մեջ»։

Կա մի հանգամանք ևս, որի վրա ուշադրություն է հրավիրում իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։ Թուրքիան Արևելյան Երուսաղեմում հասարակական կազմակերպություններ է ֆինանսավորում և արդեն շատ շենքերի վրա կարելի է տեսնել թուրքական դրոշներ։

«Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքներում, որոնք բնակեցված են պաղեստինցիներով, Թուրքիան գործում է հասարակական կազմակերպությունների մակարդակով»,-նշեց Չերնամորյանը։

Հիշեցնենք, որ Էրդողանը դատապարտել էր Իսրայելի ռազմագործողությունները պաղեստինցի արաբների դեմ։ Զորակցություն հայտնելով Պաղեստինին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ լիովին պատրաստ են Պաղեստինին տրամադրել այն ողջ օգնությունը, ինչը Լեռնային Ղարաբաղի պարագայում տրամադրել էին Ադրբեջանին։

«Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլև Մեքքայում Քաաբայի (Աստծո տան) շուրջը պտտվող, Մեդինայում մարգարեին ներկայացող բոլոր մուսուլմանների խնդիրն է։ Այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաևոյում ապրող ամեն մի մուսուլմանի հարցն է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին