Կարևոր իրադարձություններ

Ինչպես արձագանքեց աշխարհը ՀՀ սահմանների խախտմանը․ ԻՔՄ

18 Մայիս, 2021 12:50
Ինչպես արձագանքեց աշխարհը ՀՀ սահմանների խախտմանը․ ԻՔՄ

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «սահմանների ճշգրտման»  պատրվակով խախտեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել հարավ-արևելյան (Վարդենիսի ուղղությամբ) և հարավային  (Սիսիանի ուղղությամբ) սահմանային հատվածներում։ Ի պատասխան՝ ՀՀ զինված ուժերը, «անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար» ադրբեջանական կողմից պահանջեցին անհապաղ լքել տարածքն ու վերադառնալ իրենց ելման դիրքեր: 

 

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում նա հայտարարեց, որ տեղի ունեցածն  «իր  բնույթով  դիվերսիոն անցում է», ինչն «անընդունելի է», բայց «հաշվի առնելով իրադրությունը՝ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»

 

Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանների հանդեպ ոտնձգությունն ունեցավ նաև միջազգային արձագանք: Ստորև կներկայացնենք միջազգային կառույցների և առանձին երկրների պաշտոնական դիրքորոշումները հայ֊ադրբեջանական սահմանային իրադրության վերաբերյալ: 

 

ՀԱՊԿ անդամ երկրները չեն դատապարտել ներխուժումը 

 

Անվտանգային ռազմական դաշինք ՀԱՊԿ֊ը, որի անդամ է նաև Հայաստանը, միջադեպին արձագանքեց մայիսի 13֊ին՝ նշելով, որ կազմակերպությունն «ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը», և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց «անհրաժեշտության դեպքում» ձեռնարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսվող գործողություններ:  

 

Հատկանշական է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքը ՀՀ պետսահմանների նկատմամբ չի ներկայացվում որպես կատարված իրողություն, փոխարենն ընդգծվում է, թե «ըստ հայկական կողմի» են ադրբեջանցիները խախտել ՀՀ սահմանը: 

 

Նույն օրը կայացած անվտանգության խորհրդի նիստում Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:  

 

ՀԱՊԿ անդամ, ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը 5 օր շարունակ պաշտոնական դիրքորոշում չհայտնեց միջադեպի մասին, փոխարենը երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ եղան հեռախոսազրույցներ, որոնցում նույնպես չէր ուրվագծվում պաշտոնական Մոսկվայի կեցվածքը: Ուշագրավ է, որ սահմանային միջադեպերի հարցով ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցն անգամ հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել, իսկ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունում, ի տարբերություն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության, հայ֊ադրբեջանական սահմանային միջադեպերի վերաբերյալ որևէ հիշատակում չկա:

 

Միջադեպից օրեր անց՝ մայիսի 17֊ին, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե «էմոցիաների սրման որևէ պատճառ չի տեսնում»: 

 

«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա: Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել պայմանավորվածություն է ձեռք բերվել», ֊ ասել է նա: 

 

Իսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անգամ տեղյակ չէր, թե ինչպես է արձագանքել կամ արձագանքելու՞ է արդյոք ՌԴ նախագահը՝ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու Փաշինյանի խնդրանքին: 

 

ՀԱՊԿ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտոնական դիրքորոշումները նույնպես անհայտ են՝ չնայած այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հայկական կողմի ունեցած հեռախոսազրույցներին: 

 

Փաստացի, ՀԱՊԿ անդամ որևէ երկիր չի դատապարտել իր հետ նույն ռազմական դաշինքի մեջ գտնվող Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը: 

 

Հարևան երկրները

 

Տարածաշրջանից հայ֊ադրբեջանական սահմանային միջադեպին արձագանքեց պաշտոնական Թեհրանը՝ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեի միջոցով: Վերջինս նշել էր, որ հետևում են զարգացումներին, և հույս հայտնել, որ կողմերը խաղաղ ճանապարհով կլուծեն վեճը: Ավելի ուշ, «Սպուտնիկի» իրանական ծառայության փոխանցմամբ, երկրի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է տարածաշրջանի երկրների տարածքային որևէ փոփոխություն: 

 

«Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, մեզ համար դա ընդունելի չի լինի: Առկա սահմանները պետք է ամբողջությամբ պաշտպանված լինեն, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել է  Զոլնուրին: 

 

Պաշտոնական արձագանք չկա Վրաստանի կողմից, որի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս  պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: Լուռ է նաև պաշտոնական Անկարան, որի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն բոլորովին վերջերս հավաստիացնում էր, թե իրենք «աչք չունեն» Հայաստանի տարածքների վրա: 

 

ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա

 

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամենաբարձր մակարդակով պաշտպանեց Ֆրանսիան: Երկրի ղեկավար Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառմամբ պահանջեց Ադրբեջանից դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից: 

 

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- գրել էր Մակրոնը: 

 

Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես տեղեկանում ենք, Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությունից, Մակրոնն առաջարկել է հայ֊ադրբեջանական սահմանային լարվածության հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այս մասին, սակայն, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը լռել էր: Իսկ ավելի ուշ Փաշինյանի՝ ԱԺ֊ում ունեցած ելույթից պարզվեց, որ Ֆրանսիայի նախագահը անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնել նաև ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել ՀՀ֊ին։ 

 

ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը մայիսի 13-ին թվիթերյան իր  պաշտոնական միկրոբլոգում գրառում էր արել՝ անդրադառնալով Սյունիքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ «ուշադիր հետևում են» Հայաստան-Ադրբեջան սահմանի «չդեմարկացված հատվածի» երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին:

 

Ուշագրավ է, որ Փրայսն իր գրառման մեջ նշում է, թե լարվածությունը սահմանի՝ դեմարկացիայի չենթարկված հատվածում է, այնինչ փաստերն ապացուցում են, որ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ միջազգային ճանաչված սահմաններից ներս և մի քանի կիլոմետր խորացել: 

 

Ավելի ուշ պետդեպի մեկ այլ պաշտոնյա՝ Ջալինա Փորթերն անդրադարձավ իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ հետ քաշի իր զորքերը «վիճելի տարածքներից»: Հայաստանյան Factor TV լրատվամիջոցը հարցում էր ուղարկել ԱՄՆ պետդեպ՝ պարզաբանում ակնկալելով, թե արդյո՞ք օգտագործված «վիճելի տարածքներ» արտահայտությունը նշանակում է, որ ԱՄՆ-ն կասկածի տակ է դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և արդյո՞ք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության`ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանային տարածքներ ներխուժումից հետո ԱՄՆ-ն դրանք համարում է վիճարկելի երկու կողմի միջև:

 

Ի պատասխան՝ պետդեպից հայտնել էին, թե «լրացուցիչ պարզաբանումներ են փնտրում» Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ «սահմանի միջազգային սահմանազատում չկա», ապա հորդորել էին կողմերին պաշտոնական քննարկումներ սկսել՝ միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար:

 

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը այս հայտարարություններից հետո ևս մեկ անգամ ընդգծեց՝ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: 

 

Մայիսի 17-ին ամերիկյան կողմը հստակեցրեց իր դիրքորոշումը. Փաշինյանի հետ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս ընդգծել է, որ ամերիկյան կողմն «անընդունելի և սադրիչ է համարում Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները»։ Սալիվանը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ իրենց ուժերը ՀՀ տարածքից դուրս բերելու պահանջով:

 

ՀՀ ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո Սալիվանը կապ է հաստատել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում «սադրիչ ու անպատասխանատու» է որակել չսահմանազատված սահմանի երկայնքով զինվորականների տեղաշարժը:

 

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն իր թվիթերյան միկրոբլոգում մտահոգություն հայտնեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի վերաբերյալ, ինչպես նաև «հայկական տարածք ներխուժման մասին տեղեկությունների առնչությամբ»

 

Միջազգային կառույցները

 

Միջազգային կառույցներից առաջինն արձագանքեց ԵԱՀԿ֊ն․ կառույցի նախագահությունը ստանձնած Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն «ուշադրությամբ հետևում է» հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: 

 

Զարգացումներին «ուշադրությամբ հետևում է» նաև Եվրամիությունը․ կառույցի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, թե սահմանների դեմարկացիան որոշվում է բանակցությունների միջոցով՝ «տեղի բնակչության անվտանգության շահերից ելնելով», և որ իրենք ողջունում են «երկու երկրների միջև տեխնիկական մակարդակով շարունակվող շփումները»:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Լրահոս

Դիտել ավելին