Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605,5
    617,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

 

«Թե ինչո՞ւ կառավարությունը չի օգտագործում այս հնարավորությունները, չգիտեմ». Տարոն Սիմոնյան

18 Մայիս, 2021 10:04
Հեղինակ՝ Տարոն Սիմոնյան
«Թե ինչո՞ւ կառավարությունը չի օգտագործում այս հնարավորությունները, չգիտեմ». Տարոն Սիմոնյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի դեմ չօգտագործվող միջազգային իրավական հնարավորությունների մասին, մասնավորապես ասված է.

«Եթե Կառավարությունը գտնում է, որ մեր խախտված իրավունքների վերականգնման համար «զենքի դիմելու» ժամանակը չէ, ապա անհասկանալի է մնում, թե ինչու չի օգտագործում միջազգային իրավական ամբողջ զինանոցը Ադրբեջանին, նրա նախագահին ու վերջինիս հանցակից ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգայնորեն հետապնդելի վտարանդի դարձնելու համար …
Ի թիվս այլոց՝ ահա ևս երեք կարևոր լծակ, որ չի օգտագործվում՝
ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ (1983)
Ադրբեջանը վավերացրել է 2000թ֊ին, Հայաստանը՝ 2004թ֊ին։

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի իմաստով պատանդներ վերցնելու հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը վերցնում կամ պահում և սպառնում է սպանել, վնաս հասցնել կամ շարունակել պահել (պատանդներ վերցնելը) այլ անձանց (այսուհետ՝ պատանդ)` նպատակ ունենալով ստիպել երրորդ կողմին, մասնավորապես՝ պետությանը, միջազգային միջկառավարական կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անձանց խմբին՝ կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից` պատանդին ազատելը դնելով որպես ակնհայտ կամ ոչ ակնհայտ պայման:

ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ(1990)
Ադրբեջանը վավերացրել է 1997թ֊ին, Հայաստանը՝ 2020թ֊ին։

Հոդված 1

Սույն կոնվենցիայի նպատակներով՝

1. վարձկան նշանակում է ցանկացած անձ, որը՝

ա) հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում՝ զինված հակամարտության շրջանակներում մարտնչելու համար.

բ) շահագրգռված է մասնակցելու ռազմական գործողություններին՝ առաջնորդվելով գլխավորապես մասնավոր օգուտ ստանալու ցանկությամբ, և որին հակամարտության կողմի կողմից կամ վերջինիս անունից փաստացի խոստացվել է այդ կողմի զինված ուժերում համանման կոչում ունեցող և գործառույթներ իրականացնող կոմբատանտներին խոստացվող կամ վճարվող գումարից էականորեն բարձր նյութական փոխհատուցում.

գ) հակամարտության կողմի քաղաքացի չէ և ոչ էլ հակամարտության կողմի կողմից վերահսկվող տարածքում բնակվող անձ է.

դ) հակամարտության կողմի զինված ուժերի անդամ չէ. և

ե) չի ուղարկվել հակամարտության կողմ չհանդիսացող պետության կողմից որպես իր զինված ուժերի անդամ՝ կատարելու ծառայողական պարտականություններ:

Հոդված 2

Ցանկացած անձ, որը հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում է սույն կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված վարձկանների, կատարում է սույն կոնվենցիայով նախատեսված հանցագործություն:
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ (1984)
Ադրբեջանը վավերացրել է 1996թ֊ին, Հայաստանը՝ 1993թ֊ին։

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց։

Ի դեպ՝ սա Ադրբեջանի դեմ չօգտագործվող իրավական լծակների ոչ սպառիչ ցանկն է։
Նշված կոնվենցիաները՝ բոլորն էլ ունեն հստակ մեխանիզմ իրավական գործընթաց սկսելու՝ բանակցություններ, արբիտրաժ, Արդարադատության միջազգային դատարան ճանապարհով։

Հ.Գ. Թե ինչո՞ւ կառավարությունը չի օգտագործում այս հնարավորությունները, չգիտեմ։
Միայն գիտեմ, որ արդեն ութերրորդ ամիսն է՝ սրա մասին ամեն կերպ բարձրաձայնում եմ, խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ …

Ավելին, թե՛ ես, թե՛ ինձանից շատ ավելի լավ իրավաբաններ պատրաստ են օր ու գիշեր, առանց որևէ հատուցման աշխատել այս ուղղությամբ, բայց, կարծես թե, մենք էլի նախապատվությունը տալիս ենք անգօրծությանը կամ ինչ֊որ պատրանքների հույսով ենք …»

Լրահոս

Դիտել ավելին