Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանի կողմից խոստացված, սակայն չկատարված պարտավորություննե՞ր․ Ստյոպա Սաֆարյան

17 Մայիս, 2021 22:21
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Ադրբեջանի կողմից խոստացված, սակայն չկատարված պարտավորություննե՞ր․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ադրբեջանի կողմից խոստացված, սակայն չկատարված պարտավորություննե՞ր․
որ դաշտում կլուծվի խնդիրը՝ ՄԱԿ/ԵԱ՞ՀԿ, թե՞ Ռուսաստան/ՀԱՊԿ, դիվանագիտակա՞ն, թե՞ ուժային եղանակով
Մայիսի 17-ին Հայաստանի սահմանային տարածք ադրբեջանական ներխուժման հարցով ռուսական միջնորդությամբ ընթացած հայ-ադրբեջանական տևական բանակցություններն ավարտվում են։ Որոշ կայքերում աչքալուսանք է տրվում, թե դրանք ավարտվել են հայկական կողմի օգտին ու ադրբեջանական սահմանախախտները ետ են քաշվելու, և այդ ամենն ուղեկցվում է Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ Մուրադովի փառաբանմամբ՝ որպես բանակցությունների մասնակից։
Քիչ անց սկսվում է հասարակությանը կրծող ակնարկների ու չստուգված տեղեկությունների շրջանառությունը, թե հայկական կողմը դրա դիմաց ինչ-որ բան է զիջել։ Մասնավորապես, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ակնարկում է, թե հնարավոր է, որ դրա դիմաց հայկական կողմը զիջի Քյարքին/Տիգրանաշենը, Սյունիքի նախկին մարզպետն իր աղբյուրների վրա հղումով գրում է, թե միջպետական էսկալացիայի էպիկոնետրոնի՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմը ունենալու է 4 դիրք՝ ընդհանուր թվով 60 ադրբեջանական զինվորականով /ի դեպ, լճի հյուսիսային փոքր հատվածը, տարբեր քարտեզներով 20-30 տոկոսը, Ադրբեջանի տարածքն է համարվում, հետևաբար այսպես թե այնպես, ուզենք թե չուզենք, այնտեղ նրանք կանգնելու են ու դիրքեր ունենալու են ու ունեն, եթե իրականում խոսքը դրա մասին է, այլ ոչ թե լճի հարավի, հարավ-արևմտյան կամ հարավ-արևելյան ափամերձ տարածքների մասին․ վստահաբար ոչինչ հնարավոր չէ պնդել, քանի որ ընթացած բանակցություններից հավաստի և սպառիչ տեղեկություններ չկան/։
Ընդդիմությունը, միով բանիվ ավելի առաջ է գնում ու սկսում պնդել, թե հայկական կողմը համաձայնել է ընդհուպ «Զանգեզուրյան միջանցք» տրամադրել, ինչի մասին ամիսներով բարբաջում է Ալիևը։ Այս ամենը ծաղկաքաղով հայտնվում է ներխուժած դիրքերից ետ գնալ պարտավորված ադրբեջանական կողմի մոտ, ու հայ հասարակության վրա հոգեբանական ծանր զենք է կիրառվում, որտեղ ավելացվում են բոլորիս հայտնի պայմանները․ Քյարքի/Տիգրանաշեն, Տավուշի գյուղեր, Զանգեզուրյան միջանցք, Արցախում հայկական կոնտիգենտից հրաժարում և այլն․․․ Ամիսներ շարունակ շահարկվող թեմաների մասին բոլորը գիտեն․․․ Այդ ամենը արդեն «ադրբեջանական» ծագումնաբանությամբ կրկին վերադառնում է հայկական տիրույթ ու պտտվում ու պտտվում․․․
Բանակցությունների հայանպաստ ելքի մասին ազդրարած հենց նույն կայքերում կրկին տեղեկություն է հայտնվում, թե բանակցությունները բարդացել են ադրբեջանական կողմի պահանջների պատճառով․․․ Իշխանությունն ու իշխանական կայքերն էլ սկսում են մեղադրել ընդդիմությանը, թե դրանք բարդացել են Հայաստանի ընդդիմության շնորհիվ՝ երբ Ադրբեջանին հուշող հարցեր են հրապարակայնորեն «հուշվել», ապա դրվել սեղանին․․․ Փոխադարձ մեղադրանքների խաղը թափ է հավաքում։
Մայիսի 17-ի երեկոյան հրավիրվում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որն ավելի շատ Ադրբեջանին ուղղված զորաշարժ է հիշեցնում։ Այդ նիստում ՀՀ վարչապետի ելույթը տարածվում է հաջորդ օրը, որում նա կտրականապես հերքում է, թե բանակցություններում բացի ադրբեջանական սահմանախախտների հեռացումը այլ թեմա քննարկվել է․ «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»։
«Զանգեզուրի միջանցքի» մասին մայիսի 11-ին հերթական անգամ հայտարարել էր նաև Ալիևը՝ պնդելով, որ գոյություն չունեցող միջանցքը կբացվի՝ հիմնավորելով, թե «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։ Ալիեւը նաեւ ասել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել»։
Երկաթուղու հետ կապված հարցն էլ մայիսի 17-ին սպառիչ փակում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնելով, որ որ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկվել եւ չի քննարկվում, քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ։ Ապա հավելում է, որ «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր․ երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ Հայաստանի երկաթուղին կառավարման է տրված «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին, հետևաբար, Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել։
Սահմանախախտման խնդրով ԱԽ նիստում վարչապետը հայտարարում է, որ «սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»։ Նրա խոսքով՝ բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Եվ «Եթե քաղաքական միջոցներով չլուծվի խնդիրը, ապա նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները»։
Մայիսի 17-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույց է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Դրա նախօրեին ՀՀ վարչապետը կառույցում նախագայող Տաջիկստանից պահանջել էր 2-րդ հոդվածի հիման վրա «ընդհանրացնել դիրքորոշումը», մանավանդ, որ Տաջիկստանի ԱԳ նախարարը այդ թեմայով հետռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Վաղարշակ Հարությունյանը Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, արձանագրելով, որ «չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել»։ Նա նաև հավելում է, որ, «հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»։ Ի պատասխան՝ Ստանիսլավ Զասը հայտնում է, որ «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին»։
Փաստացի, ստացվում է, որ Ադրբեջանը ետ քաշվելու համար հաշված օրեր ունի, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը և ՊՆախարարը հայտարարել են քաղաքական միջոցներով խնդրի չլուծման դեպքում ռազմաքաղաքական մեխանիզմների կիրառության անհետաձգելիության մասին։
Այդ նույն ընթացքում էսկալացիայի աճով մտահոգ երկու ուժային կենտրոններ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը շտապում են ուղերձներ հղել, որոնցում հեռուն գնացող ու լուրջ ակնարիկներ կան։
Քանի որ ՀՀ վարչապետը ՀՀ ԱԽ նիստում հայտարարում է, որ հակամարտության չլուծվածության ու հարաբերությունների բացակայության պատճառով Հայաստան-Ադրբեջան երկկողմ ձևաչափ չկա չի կարող լինել սահմանային ու այլ հարցեր քննարկելու համար, իսկ Ալիևն էլ բոլորին համոզում է, թե «ցածր ինտենսիվության» հարցեր են, որոնց պետք չէ հնչեղություն տալ, հատկապես երբ դա «սիստեմատիկ է լինելու իր սահմանների վրա վերահսատատվելու գործընթացում», Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․Լավրովը մոտավորապես կրկնում է Ալիևին, թե «հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա»։
Իհարկե, Ռուսաստանին մեղադրելու չէ, թե ինչու է նա ցանկանում, որպեսզի էսկալացիան չհասնի գագաթնակետին, քանի որ դրա արդյունքում ետ շրջվեն նոյեմբերի 9/10-ի ու հունվարի 11-ի եռակողմ պրոցեսները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի բացառիկ հովանու ներքո։ Այդ դեպքում Ռուսաստանը որպես Հայաստանի դաշնակից նաև վեր է ածվում հակամարտության կողմի ու ստիպված է ընտրություն է կատարում Բաքվի և Երևանի միջև, ինչից խուսափել է միշտ․․․ Իսկ Երևանը իր համար «միջնորդի խաղի» տեղ է թողել՝ իր սահամնների անխախտելիության վերականգնման համար գործարկելով ոչ թե հայ-ռուսական, այլ ՀԱՊԿ ռազմաքաղաքական մեխանիզմները․․․ Սակայն Ռուսաստանին մտահոգում է նաև մեկ այլ հետևանք՝ հարցի փաթեթային տեղափոխումը ՄԱԿ․ այդ դեպքում ողջ ղարաբաղյան խնդիրն է գնում այնտեղ՝ Արցախի կարգավիճակից մինչև սահմանների միջազգային դեմարկացիա, դելիմիտացիա, միջազգային խաղաղապահներ և այլն․․․
Առնվազն այս երկու շահագրգռությամբ պայմանավորված էլ Լավրովը հայտարում է, թե «ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություններ էր անում՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված և սահմանագծված պետք է լիներ։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք դրանով զբաղվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ և քարտեզագրական նյութեր տրամադրելու, և խորհրդատվական ծառայություններ մատուցելու հարցում», ասել է Լավրովը, ավելացնելով, որ կողմերը ռուսական կողմի աջակցությամբ համաձայնության են եկել։
Ուշադրություն դարձնենք, որ Լավրովը վկայակոչում է Ադրբեջանին ու ալիբի ստեղծում նրա համար, թե հստակ սահամանազատման բացակայության պատճառով ադրբեջանցիները մոլորվել ու թյուրիմացաբար հայտնվել են այլ տարածքում, իրենց միջնորդությամբ կողմերը համաձայնության են եկել, ուղղակի դեռ այդ համաձայնությունները կատարված չեն, իսկ ընդհանուր սահմանազատմանը իրենք պատրաստակամ են օգնել քարտեզներով և միջնորդությամբ․․․
Եվ քանի որ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ բանակցության միակ առարկան եղել է ադրբեջանական կողմի ետ քաշվելը, ու պնդում է, թե դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի պատրաստվում տալ՝ ոչ միջանցք, ոչ երկաթուղի, հետևաբար մնում է ենթադրել, որ կողմերը պայմանավորվել են առնվազն թույլ տալ, որ ադրբեջանական կողմը փրկի իր դեմքը և մաս-մաս ետ նահանջի՝ սեփական երկրում Ալիևի հեղինակությունը չվտանգելու համար։ Կարծեք թե սա բացատրելու է գալիս, թե ինչու հայկական կողմը առաջին ծանր բանակցությունների ավարտից հետո երբեք չասաց, թե «հաղթել է», իսկ Ադրբեջանը «պարտվել», անգամ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ադրբեջանցիների մասնակի լքած տարածքից՝ Սև լճի հարավ-արևմտյան ափից լուսանկարները հրապարակեց առանց քաղաքական տեքստի, հասկացնելով, որ ադրբեջանցիները նահանջում են․․․ Սակայն, նաև ակնհայտ է, որ հայկական կողմը չի վստահում, որ ադրբեջանցիները մինչև վերջ կկատարեն խոստումը, չեն թուլացնում ոչ ներքին զորաշարժը՝ ի դեմս սահմանային հատվածներում զինուժի մոբիլիզացիայի, ի դեմս ԱԽ նիստի, որտեղ վարչապետն ըստ էության ներկայացրել է բանակցությունների ընթացքը, այլ նաև ռեգիոնալ ու միջազգային մակարդակով ռազմա-քաղաքական մեխանիզմների գործարկումը, որոնք Ադրբեջանի վրա ճնշում են մեծացնում․․․
Թե ռուսական, թե հայկական կողմի գործողությունների այսպիսի տրամաբանությունը բացատրելի է դառնում նաև Երևանում ԱՄՆ կողմից այսօր տրամադրված պարզաբանման խորապատկերին։ Հիշեցնենք, որ նախկինում Վաշինգթոնը որքան էլ ընդհանուր առմամբ Հայաստանի շահերից բխող դիրքորոշում էր հայտնել (Հայաստանի հարավային սուվերեն տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժման փաստին արձագանքելով՝ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Փորտերը կոչ էր արել Բաքվին «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից»), Մոսկվայի նման նրանք էլ Ալիևի համար ետնահանջի, իսկ իրենց համար մեծ խաղի ճանապարհ են թողել։ Եթե Մոսկվան ասում է, թե ադրբեջանցները «թյուրիմացաբար» են մտել չսահմանազատված տարածք, Վաշինթոնն էլ առաջին օրը «դեմարկացիայի չենթարկված» սահման ու «վիճահարույց» բառերն էր օգտագործել՝ ի տարբերություն Ֆրանսիայի, ով առաջին օրից մինչև վերջ մտրակի տակ դրեց Ալիևին։ Երեկ՝ նոյւմեբերի 16-ին, Ֆրանսիայի ու ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը ոչ միակն իսրայելա-պաղեստինյան, այլ նաև արցախյան խնդրով, թույլ են տալիս խոսել Վաշինգթոնի ու Փարիզի միասնական դիրքորոշման ու պայմանավորվածությունների մասին, եթե անգամ առաջարկների ու լուծումների տարբերություններ են երևում՝ ՄԱԿ կամ ԵԱՀԿ, միանշանակ հայամետ թե հավասարահեռ կեցվածք․ կարևոր է, որ նրանք երկու տարբեր այլընտրանքներ են առաջրկում Հայաստանին։
Իսկ Երևանում ԱՄՆ դեսպանության միջոցով «վիճահարույց» բառի կապակցությամբ պետքարտուղարության տրամադրած պարզաբանման մեջ ասել է հետևյալը․ «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է և ողջունում ենք նրանց հանձնառությունը այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մենք կողմերին հորդորում ենք պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»։
ԱՄՆ դիրքորոշումը կարելի է շատ մատչելի լեզվով այսպես բացատրել․ քանի որ միջազգային սահմանազատում չի արվել հակամարտության չկարգավորվածության պատճառով ու նման իրավիճակներ են առաջանում և հնարավոր է առաջանան, մենք պատրաստակամ ենք երկու կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ներքո (որտեղ Ռուսաստանն ու Ֆրանսիան էլ կան) օգնել թե հակամարտության կարգավորման, թե սահմանային հարցերի կապակցությամբ։ Եթե այս ամենը տեղափոխվում է ԱՄՆ առաջարկած ԵԱՀԿ ֆորմատ կամ Ֆրանսիայի առաջարկած ՄԱԿ ֆորմատ, Ռուսաստանի համար վտանգվում է Արցախում խաղաղապահության նոյեմբերի 9/10-ի և տարածաշրջանի ապաշրջափակման հունվարի 11-ի եռակողմ պրոցեսը։ Իսկ սա նրան դրդում է միանձնյա կամ ՀԱՊԿ-ով ապացուցել իր էֆեկտիվությունը, այլապես խնդիրը կհայտնվի իր համար անցանկալի վայրում։ Ու սա բացատրում է, թե ինչու ՌԴ ԱԳ նախարար Ս․Լավրովը դեմ է, որպեսզի սահմանային հարցը դառնա միջազգայնորեն կամ տեղայնորեն «հուզական»։
Քանի որ ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովը հայտարարել է, թե մայիսի 16-ին կողմերի միջև համաձայնություններ են ձեռք բերվել, սակայն տեսանելիորեն Ադրբեջանը հրաժարվել է հեռանալ Հայաստանի տարածքից, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցների արդյունքներով ոչ պատահականորեն մայիսի 17-ին կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ․ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով»։
Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման խորապատկերին լարվածությունը Հայաստան-Ադրբեջան սահմանագծին ոչ միայն չի նվազում, այլ Երևանը վարչապետի, Պնախարարի ու ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարում են, որ «սեղանին նաև ուժային» տարբերակ կա․ իսկ դրա համար կա նաև ռեգիոնալ ու միջազգային ռազմաքաղաքական մեխանիզմների կրրառման հենք․ Երևանը հայտարարել է, որ իր և Հայաստանում ռուսական ռազմաբազայի քարտեզները նույնական են և այդ քարտեզներով Ադրբեջանը ագրեսիայի փորձ է կատարել։ Դժվար թե նման հայտարարությունից հետո Բելառուսի, Տաջիսկատանի, Ղազախստանի ու Ղրղզստանի «քարտեզները» տարբերվեն․ դա կլինի ՀԱՊԿ-ի վերջը ու ծանր հարված Ռուսաստանին։ Ֆրանսիան ՄԱԿ անունից խոսել է ՄԱԿ ձևաչափի, իսկ ԱՄՆ՝ ԵԱՀԿ/ՄԽ ձևաչափի մասին՝ հասկացնելով, որ անցանկալի զարգացումների կամ խնդրի չլուծվելու դեպքում Երևանն այլընտրանքներ ունի։ Իրանը հայտարարել է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման անթույլատրելիության մասին։
Իհարկե, Երևանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դիվանագիտական լուծումներն աշխատեն և բանը ուժային սցենարին չհասնի։ Երևանը պետք է դաս քաղի ու սովորի բարդ ռազմա-քաղաքական կոմբինացիայով խնդիր լուծելու և դանակը ոսկորին չհասցնելու մեթոդները, առավել ևս երբ խոսքը միջազգայնորեն պաշտպանության ենթակա ՀՀ տարածքի մասին է, ոչ թե «վիճելի» ճանաչված տարածքի։ Ու այստեղ հայ հասարակության միասնականությունը և համախմբվածությունը ուղղակի հրամայական է։ Սա լուրջ փորձություն է, որի ելքից, առանց չափազանցության, Հայաստանի ու պետականության ապագան է կախված»։
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար

 

Լրահոս

Դիտել ավելին