Կարևոր իրադարձություններ

«Խնդիրները քիչ չեն, և մեզ անհրաժեշտ է նոր մեկնարկ». Կարեն Գիլոյանը շարունակում է մարզային շրջայցերը

17 Մայիս, 2021 19:15
«Խնդիրները քիչ չեն, և մեզ անհրաժեշտ է նոր մեկնարկ». Կարեն Գիլոյանը շարունակում է մարզային շրջայցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շարունակում է մարզային շրջայցերը՝ հանրապետության մարզական ենթակառուցվածքների ներկայիս պայմաններին և խնդիրներին, ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու, զարգացման ուղիներ նախանշելու նպատակով: 

 

Մայիսի 14-15-ը Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, որտեղ մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է մեկ տասնյակից ավելի մարզադպրոցներ և սպորտային այլ կառույցներ: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ հատկապես մարզկենտրոն Վանաձորում ենթակառուցվածքների վիճակը սպասվածից լավ է, կան զարգացման հեռանկարներ. «Ցավոք, ներկայում հանրապետության մարզադպրոցների ընդհանուր վիճակը գոհացուցիչ չէ, սակայն Վանաձորում սպասվածից լավ պատկերի ականատես եղա: Այդուհանդերձ, խնդիրները քիչ չեն, և մեզ անհրաժեշտ է նոր մեկնարկ: Մարզիչներից և մարզիկներից բարձր արդյունքներ ակնկալելու և պահանջելու համար նախ պետք է ստեղծել մարզումային լավագույն պայմանները: Հասկանալով խնդիրները՝ հնարավոր կլինի կազմել զարգացման ճանապարհային քարտեզ և քայլ առ քայլ առաջ ընթանալ»:

 

Կարեն Գիլոյանն առաջնահերթ կարևորել է շենքային պայմանների բարելավումը, միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ 2022 թվականին նախատեսված է գույքային մեծ ծրագիր, որի միջոցով կլուծվի խնդիրների մի մասը: ԿԳՄՍ փոխնախարարի շրջայցի արդյունքներն ամփոփվել են Լոռու մարզպետարանում՝ մարզադպրոցների և ոլորտի պատասխանատուների հետ քննարկմամբ՝ առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման արդյունավետ տարբերակներ նախանշելու նպատակով: Մարզպետ Արամ Խաչատրյանն ընդգծել է՝ պատրաստ են արդյունավետ համագործակցության՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացման. «Պետք է ջանք չխնայենք եղած պայմանները բարելավելու համար: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք լուրջ արդյունքներ գրանցել»: 

 

Աշխատանքային քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին և նշել, որ չնայած դժվարություններին՝ սպորտի զարգացմանն ուղղված աշխատանքները կանգ չեն առել. ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը հետպատերազմական իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրները լուծելու համար: Բացի դրանից՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ նախարարությունը ձեռնամուխ կլինի շրջայցի ընթացքում բարձրաձայնված հարցերի և արձանագրած խնդիրների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծմանը:

 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին