Aniarc.am-ը գրում է․
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականի ապրիլին Ֆլորիդայի Քի Վեսթում և 1999-2000 թթ. բանակցություններում Արցախը Լաչինի միջանցքով Հայաստանին միացնելու դիմաց Մեղրի շրջանը Ադրբեջանին փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարել, ինչպես այսօր պնդում են որոշները և հավատում՝ շատերը:
Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակ քննարկվել է, սակայն Քոչարյանը մերժել է այն, քանի որ Հայաստանը չէր կարող ամբողջությամբ կորցնել Իրանի հետ սահմանը: Իսկ Քի Վեսթում մշակված տարբերակով, որը ստացել էր փաստաթղթային տեսք և որպես ոչ պաշտոնական առաջարկներ ներկայացվել հակամարտության կողմերին, նախատեսում էր կարգավորման հասնել միջանցքների ստեղծումով:
Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր 7 շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը:
Այժմ մանրամասներ երեք միջանցքների մասին՝ Լաչին, Մեղրի և Շուշի, որոնք իրենց լայնությամբ և կարգավիճակով միանգամայն տարբեր են:
Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող 20 կիլոմետր լայնքով միջանցքը դառնում էր հայկական տարածք, թեև Բաքուն համառում էր: Այդ 20 կիլոմետրանոց լայնքով տարածքը վերածվում էր քառակուսի մետրերի և նախկին ԼՂԻՄ-ից նույնքան տարածք տրվում էր Ադրբեջանին: Սա շատ կարևոր մանրամասն է, որի մասին գրեթե չի գրվել: Այո, հայկական կողմը, բացի 7 շրջանները, քննարկել է նաև ԼՂԻՄ-ի ծայրամասից Ադրբեջանին տարածք տալy, միայն թե Լաչինի միջանցքը լինի հայկական հող և վերահսկվի հայկական իշխանությունների կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում