Կարևոր իրադարձություններ

«Հանրակրթության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են սպասվում․ նոր գործիքներ ու համակարգեր կներդրվեն

15 Մայիս, 2021 17:40
«Հանրակրթության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են սպասվում․ նոր գործիքներ ու համակարգեր կներդրվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախատեսվում է․

– ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.

– անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.

– նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․

  • Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,
  • Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,
  • Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,
  • Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը։

Ըստ այդմ, առաջարկվող փոփոխություններն ու լրացումները վերոնշյալ ոլորտներում հետևյալն են․

Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման ասպարեզում առավել արդյունավետ գործելու համար առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական ստանդարտներին։ Ըստ այդմ, օրենքի առաջարկվող լրացումներով սահմանվում է ուսուցչի մասնագիտական ստանդարտ հասկացությունը՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մասնագիտական գործունեության, մասնագիտական պատասխանատվության և վարքագծի բնութագիր։ Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ փոխկապակցելով մասնագիտական ստանդարտի հասկացությանը։ Կրթության կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվել է մասնագիտական ստանդարտների հաստատման լիազորությունը։ Վերանայվել են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, ըստ որի հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված է որոշակի հերթականություն և ժամանակահատված, ինչը հնարավոր չի դարձնում տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին՝ դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ պարտադիր դարձնելով անցումը բոլոր նախորդ աստիճաններով, ինչպես նաև հնարավոր չի դարձնում առավել վաղ ժամկետում, համապատասխանելու դեպքում, դիմել հաջորդ աստիճանի տարակարգի համար։ Հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը, այսպիսով, նշված կարգավորումը թույլ չի տալիս տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող և խթանող դեր խաղալ։ Նշված համատեքստում դիտարկվող խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանումը։ Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք՝ ուսուցչի բնութագրի վերանայման համար։ Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները, ինչպես՝ հնարավորություն է տրվել ատեստավորում իրականացնել թե պարզ, թե բարդ ընթացակարգերով՝ հաշվի առնելով, որ տարբեր մասնագիտական ստանդարտների համապատասխանող ուսուցիչների համար կարող են գործել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում՝ բարդ ընթացակարգով ատեստավորումներ՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգմանը։ Օրենքում փոփոխություններն արվել են նաև այն տրամաբանությամբ, որ օրենքը չծանրաբեռնվի անհարկի մանրամասն ընթացակարգերով, որոնք նպատակահարմար է պարզաբանել ենթաօրենսդրական ակտերի տիրույթում։

Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվող փոփոխությունները, էթիկայի վարքականոնի՝ իբրև մեխանիզմի գործառնության հստակեցումները, ուսումնադաստիարակչական գործառույթի սահմանումը հասկացությունների շարքում։ Մասնավորապես, տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել գործող տնօրենների հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Սա թույլ կտա կիրառել տարբերակված մոտեցում՝ արդեն իսկ գործող տնօրենների նկատմամբ, որոնք հավաստագրի երկարացման համար ներկայումս անցնում են ամբողջությամբ նույն ընթացակարգով, գործադրել նվազ վարչարարություն և ռեսուրս պահանջող գործիքակազմ՝ ատեստավորման միջոցով։ Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն պաշտոնավարելու ժամկետը առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթան հանդիսանալ կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիայի՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման մասով, ինչպես նաև թույլ տալ խուսափել այն դեպքերից, երբ տնօրենի պաշտոնավարման գործնականում անսահմանափակ ժամանակը բացասական երևույթների հիմք է դառնում, ինչպես ուսումնական հաստատությունում որոշակի կլանների ձևավորման, վատ իմաստով ժառանգականության ևն։ Այսպիսով, ըստ առաջարկվող կարգավորման մրցույթում հաղթած և սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում կարող է պաշտոնավարել առավելագույնը 10 տարի ժամկետով։ Պաշտոնավարման ընթացքում անընդմեջ պետական ուսումնական հաստատության տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացության դեպքում տվյալ անձը, ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և նորից հավաստագիր ստանալու դեպքում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացության դեպքում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է երկարացվել 3 տարով, բայց ոչ ավել, քան ընդհանուր առմամբ 10 տարին անընդմեջ նույն պետական ուսումնական հաստատությունում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։  Այս ընթացակարգը թույլ կտա նվազեցնել վարչարարությունը, գործող տնօրենների նկատմամբ կիրառել առավել արդյունավետ և նրանց փորձառությունը հաշվի առնելով քաղաքականություն՝ միաժամանակ հավասարակշռել այդ քաղաքականությունը ընդհանուր ժամկետային սահմանափակման դրույթներով, որոնք կարող են հանրակրթության ոլորտում լավ փորձի տարածման և զարգացման հիմք դառնալ։ Կարևոր փոփոխություն է նաև հավաստագրումից առաջ վերապատրաստման պարտադիրության սկզբունքի վերանայումը, որի արդյունքում վերապատրաստումը կամավոր է։ Ըստ այդմ, հավաստագիր ստանալ ցանկացող անձը ազատ կլինի ընտրել՝ վերապատրաստվել, թե ինքնուրույն պատրաստվել քննություններին։ Քանի որ վերապատրաստումներն իրականացվում են հավաստագիր ստանալ ցանկացող անձի հաշվին, նշված հնարավորությունը նաև առավել մատչելի կդարձնի հավաստագրի ստացման գործընթացին մասնակցությունը հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների համար։

Առաջարկվող փոփոխություններով սահմանվել է նաև ուսումնադաստիարակչական գործառույթ հասկացումը, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում գործածվող հասկացություն (Հոդված 122, կետ 2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.), սահմանված չէ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և առաջ է բերում նշված դրույթի կիրարկման անհստակություն։

Հստակեցվել է նաև Հանրակրթության մասին օրենքի՝ 2020 թվականի մարտի 6-ի փոփոխություններով ամրագրված էթիկայի վարքականոնի՝ որպես մեխանիզմի կիրառությանը։ Մասնավորապես, վերոնշյալ փոփոխությամբ ամրագրվել էր, որ կրթության կառավարման լիազոր մարմնի իրավասությունն է՝ սահմանել վերոնշյալ վարքականոնը, սակայն այն չէր արտացոլվել ուսումնական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների հատվածում՝ թույլ չտալով բացահայտել էթիկայի վարքականոնի՝ որպես համակարգում ներդրվող գործիքի նշանակությունը։

Կարևոր փոփոխություն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության օգտագործման և հաստատության ռազմավարական զարգացման նպատակով զարգացման ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների և պարբերականության ամրագրումը և կատարման արդյունքներով տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության վերապահումը հաստատության կառավարման խորհրդին։ Սա թույլ կտա թե բարձրացնել խորհրդի դերակատարությունը ուսումնական հաստատության գործունեության ընթացքում, թե ամրագրել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայումս հաճախ կրում է զուտ ձևական պահանջի բնույթ։

Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանն են ուղղված հետևյալ փոփոխությունները՝

Ըստ էության, առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումները ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջացման գործոնների ցանկում, որոնք սահմանվել են օրենքի 3-րդ հոդվածում՝ օգտագործվող  հիմնական հասկացությունների մեջ:  Թվարկված խմբերի երեխաներին, կարիքով  պայմանավորված, կցուցաբերվի մանկավարժահոգեբանական աջակցություն։    Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն, քանի որ ուսուցման մեջ դժվարություններ ունենալ կարող են նաև օժտված, բռնությունների ենթարկվող, աշխատող, փախստական կամ տեղահանված, աղքատ և չքավոր, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաները, լեզվական և ազգային փոքրամասնությունները և այլն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն երեխայի կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման անհրաժեշտության  դեպքում դպրոցի համար խնդիրներ են առաջանում՝ երեխայի ծնողի կողմից աջակցություն ստանալուց հրաժարվելու պատճառով, ուստի խնդիրը կարելի է կարգավորել 17.2 հոդվածի 1-ին կետում «մանկավարժական խորհրդի առաջարկության» բառակապակցությունից հետո նոր բովանդակությամբ՝  «խնամակալության և հոգաբարձության մարմնի» բառերով լրացնելով:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10.2 կետում առաջարկվող լրացումը պայմանավորված է այն  փաստով, որ երեխայի համար կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանման համար կարևոր է հասկանալ և վերհանել այն գործոնները, որոնք խոչընդոտում են ուսումնական ծրագրի լիարժեք յուրացմանը: Առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ և լրացումներ պայմանավորված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և սովորողների հաշվառման, նրանց հետ աշխատանքի գործընթացի ավտոմատացմամբ։        Ներառական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխություններից են նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվող գործառույթները հստակեցնող դրույթները։ Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ կիրառվող եզրույթների մասով, օրինակ՝ օրենքի 17.2 հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն  փաստով, որ «շփման այլ միջավայրեր» արտահայտությունը սխալ ձևակերպում է, ավելի ճիշտ է օգտագործել կենսագործունեության այլ միջավայրեր արտահայտությունը:

Իրականացվող փոփոխություններն ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։  Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:

Ուստի առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել օրենքի 17.1 հոդվածի 3-րդ մասը: Հարցը կարգավորվում է օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով:

Առաջարկվել է նաև հրաժարվել «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող բարձրացված չափաքանակ» հասկացությունից՝ փոխարենը օրենքի 35-րդ հոդվածի 3.1 կետը առաջարկվել է խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝  Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության  կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթներով։

Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանն ուղղված փոփոխությունները վերաբերում են հանրակրթության պետական չափորոշչի, ինչպես նաև հանրակրթության բովանդակությանն առնչվող մի շարք բաղադրիչների լրամշակված սահմանումներին, որոնք թույլ են տալիս առավել լիարժեք արտացոլել 2019 թվականից մեկնարկած հանրակրթության բովանդակային բարեփոխումների էությունը և ներդաշնակեցնել օրենքի սահմանումները առաջարկվող ռազմավարական մոտեցումներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին