Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարն ընդունել է Իրաքյան Քրդստանի փոխվարչապետին

14 Մայիս, 2021 20:35
ԲՏԱ նախարարն ընդունել է Իրաքյան Քրդստանի փոխվարչապետին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 15-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից:

Հայկ Չոբանյանը, ողջունելով Քուբադ Թալաբանիին, ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակը: Նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է և նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդությունների ժամանակաշրջանում: Իրաքի պատվիրակությանն են ներկայացվել նաև ոլորտում իրականացվող նախագծերը և երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը և բարձր տեխնոլոգիական կրթությունը:

Իրաքյան Քրդստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է երկու երկրների պատմական, աշխարհագրական և կրթական ընդհանրությունները:

Փոխվարչապետը նշել է, որ քրդական կողմը հատկապես հետաքրքրված է թվային կառավարման և կիբեռանվտանգության ոլորտներով: Հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները՝ փոխվարչապետ Քուբադ Թալաբանին բարձր է գնահատել հատկապես հայկական տեխնոլոգիական կրթության փորձը և ներկայացրել իրենց երկրի մոդելը: 

Իրաքյան Քրդստանում գործում է երեք տեխնոլոգիական համալսարան, և նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Այս պահին հուշագրի տեքստը մշակման փուլում է:

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը քուրդ գործընկերոջը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու:   

 

Լրահոս

Դիտել ավելին