Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

14 Մայիս, 2021 10:14
Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հրավիրել էր խորհրդակցություն պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման հիմնական նպատակն էր ագրովերամշակման ոլորտում առկա խնդիրների ու ընթացիկ հարցերի քննարկումն ու վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը` ոլորտում գործունեությունն արդյունավետ իրականացնելու և մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով:

Հանդիպման սկզբում, անդրադառնալով գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին՝ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն առաջ են քաշել ծրագրի ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ մի շարք առաջարկներ։ 

Մասնավորապես, առաջարկվել է ծրագրի լիզինգային պրոդուկտների մեջ ավելացնել արևային պանելները, որպեսզի այն վերամշակող ընկերությունները, որոնք կցանկանան էներգախնայող միջոցառումներ իրականացնել, կարողանան ծրագրի շրջանակում ներդնել համապատասխան սարքավորումներ։ Առաջարկվել է նաև բարձրացնել պտուղ-բանջարեղեն վերամշակող  յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդի սահմանաչափը՝ այն հասցնելով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի, իսկ վարկի մարման ժամկետը սահմանել 18 ամիս։

Ընդգծելով, որ գազի սակագինը ինքնարժեքի ձևավորման մեջ շոշափելի դեր է կատարում, առաջարկություն է հնչել վերանայել և նվազեցնել գազի սակագինը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար։ Քննարկվել է նաև սուբսիդավորման ծրագրից օգտվելու ընթացքում պետության կողմից երաշխավորման հնարավորությունը։  

Արտադրողներին մտահոգող խնդիրների թվում էր նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ն, որի վերանայումն էապես կնպաստի կազմակերպությունների գործունեության ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Այս համատեքստում Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում հարկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։ 

Ոլորտում առկա խնդիրներն առավել մանրամասն գույքագրելու և քննարկելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել ևս մեկ հանդիպում։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն ուսումնասիրելու բարձրացված բոլոր խնդիրները և գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները։ 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

Լրահոս

Դիտել ավելին