Կարևոր իրադարձություններ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է Սյունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացահայտ ներխուժումը

14 Մայիս, 2021 00:21
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է  Սյունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացահայտ ներխուժումը
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում և Հայաստան – Ադրբեջան սահմանագծի այլ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացահայտ ներխուժումը և այն դիտարկում որպես ոտնձգություն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ։
Առավել մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում ՌԴ միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-10 ին ստորագրված եռակողմ համաձայնության անթաքույց ու կոպտագույն խախտմամբ և այդ հայտարարության երաշխավոր ՌԴ արտգործնախարարի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո։
Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտպանվում է միջազգային օրենքներով, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատվության և ռուս-հայկական ռազմավարական դաշնակցության պատասխանատվության գոտի է։
Հանուն Հանրապետության կուսակցությունը հրամայական է համարում, որ միջազգային կազմակերպությունները ( ՄԱԿ, ԵԱՀԿ՝ ներառյալ ՄԽ, ԵԽ ) անհապաղ արձագանքեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությանը՝ պարտադրելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և իր կողմից ստանձնած պարտավորությունները։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են համակողմանիորեն գնահատել իրավիճակը և թույլ չտալ ազգային և պետական շահերի ոտնահարման որևէ փորձ, այլապես այն վտանգավոր նախադեպ կդառնա սահմանագծի այլ գոտիներում։
Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային կազմակերպություններում և գործընկերների հետ ստորագրած երկկողմ և բազմակողմ համաձայնագրերում առկա են տարատեսակ գործիքակազմեր, որոնք Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են կիրառել՝ հասնելու համար խնդրի քաղաքական հանգուցալուծմանը և սահմանազանց ադրբեջանական զինված խմբավորումներին շպրտել ելման դիրքեր։
Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին առաջնորդվել բացառապես պետական շահով, զերծ մնալ ստեղծված բարդ իրավիճակը ներքաղաքական նպատակներով օգտագործելուց և նպաստել համազգային կոնսոլիդացիային ու համախմբվել Հայոց բանակի և պետականության շուրջ։
Պատկան մարմինները պարտավոր են ժամանակին ապահովել իրավիճակի մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին