Կարևոր իրադարձություններ

«Պետք է գիտակցենք, որ ամեն մեկիցս է կախված մեր վաղվա պայծառ ապագան». ԵԿՄ նախագահի ուղերձը

08 Մայիս, 2021 12:27
«Պետք է գիտակցենք, որ ամեն մեկիցս է կախված մեր վաղվա պայծառ ապագան». ԵԿՄ նախագահի ուղերձը

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը Երկրապահի օրվա առթիվ.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է:
Մայիսի 8-ը, որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ Կամավորականների Միության 3-րդ համագումարում՝ 1997 թ. նոյեմբերին: Նշեմ, որ 1996թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Երկրապահ կամավորականների միությանը իր անցած փառապանծ մարտական ուղու եւ բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ նախագահի կողմից հանձնվել է մարտական դրոշ: Իսկ ահա 2002թ. փետրվարից մայիսի 8-ը ընդգրկվել է հանրապետության պաշտոնական տոնացույցում, որպես Երկրապահի օր:
Երկրապահ կամավորական ջոկատները Արցախյան Ազատամարտի տարիներին, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ փառքով են կատարել իրենց գործը՝ ամրագրելով փառահեղ հաղթանակներ:

Մենք՝ երկրապահներս, հավատարիմ ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին, հավատարիմ մեր բուն կոչմանն ու առաքելությանը եւ ապավինելով անցած փառավոր ուղուն, ինչպես 90-ականներին, այդպես էլ հիմա նույն ոգով, նույն վճռականությամբ Արցախի ու Հայաստանի Հանրապետության սահմաններում ենք: 2020թ. սեպտեմբերի 27-ի մեզ պարտադրված պատերազմի օրերին համախմբված մարտնչում էինք. այսօր էլ ամուր կանգնած ենք մեր պետության սահմաններում:

Այսօր էլ մեր ժողովուրդը ծանր ու դժվար փորձությունների միջով է անցնում, բայց պատմությունը փաստում է՝ երբ ժողովուրդն է համախմբվել կարողացել է հաղթահարել ծանր փորձությունները: Արցախյան Ազատամարտում մենք մեր սուրբ պարտքը փառքով կատարեցինք համազգային համախմբվածության շնորհիվ: Մենք այսօր էլ պիտի համախմբվենք եւ այնպես ապրենք, այնպիսի ապագա կերտենք, որ արժանի լինենք սուրբ նահատակներին եւ մեր ժողովրդի մաքառումներին:

Իմ խոնարհումը Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, Ապրիլյան քառօրյա պատերազմում, 44 -օրյա պետարազմում զոհված քաջերի, զինվորների, մեր մարտական ընկերների, բոլոր զոհված հերոսների հիշատակի առջեւ:

Իմ խոնարհումը որդեկորույս մայրերին,
Փա՛ռք բանակին, կամավորներին, ազատամարտիկներին,
Փա՛ռք հայ զինվորին,
Փա՛ռք Երկրապահին, Ազատամարտին, ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,
Փա՛ռք հայ ժողովրդին:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից չի շարժվի»: Պետք է գիտակցենք, որ ամեն մեկիցս է կախված մեր վաղվա պայծառ ապագան: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է հավատքը չկորցնելն ու համազգային համախմբվածությունը:

Սիրելի՛ Երկրապահներ

Երկրապահի օրը առիթ է եւս մեկ անգամ երախտագիտության եւ շնորհակալության խոսքեր հնչեցնելու: Սիրելի երկրապահներ, կամավորներ, զինվորներ, հայրենատեր հայ ժողովուրդ, վստահ եմ, որ մենք միասին հերթական ծանր փորձությունը եւս կհաղթահարենք:

Երախտագիտությունս եմ հայտնում նաեւ բոլոր երիտասարդներին, պատանիներին եւ նրանց ծնողներին, որ գիտակցելով ընդգրկվում են մեր շարքերում:

Այսօր մեծ աշխատանք է ընթանում «Պատանի երկրապահ» ակումբի գործունեության եւ աշխատանքների համար: Հպարտությամբ փաստում եմ, որ մեծ է պատանիների ոգեւորությունը: Այս կառույցի ստեղծման մտահղացումը ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանինն է: Նա ասում էր, որ հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա, ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա՝ ինչ առաքելություն ունի հայ ազգը:

Հարգելի՛ ժողովուրդ

Մայիսի 9-ին նշում ենք Մայիսյան Եռատոնը՝ Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի եւ Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծման տարեդարձի օրը: Մայիսը նշանավորվում է հաղթանակների քանակով եւ նշանակությամբ:

Եկեք չկորցնենք հավատքն ու հույսը, համախմբվենք ազգովի եւ կերտենք մեր հայրենիքի լուսավոր ապագան:
Խաղաղություն եմ մաղթում մեր երկրին»:

 

Լրահոս

Դիտել ավելին