Կարևոր իրադարձություններ

Ուզում ես միանաս, դառնաս վիշապի երրորդ գլո՞ւխ, միանում ես, որ դառնաս ավազակապե՞տ. Սարգիս Քլոյանը՝ Տեր-Պետրոսյանին

06 Մայիս, 2021 19:15
Ուզում ես միանաս, դառնաս վիշապի երրորդ գլո՞ւխ, միանում ես, որ դառնաս ավազակապե՞տ. Սարգիս Քլոյանը՝ Տեր-Պետրոսյանին

«Ես շոկի մեջ եմ, չեմ պատկերացնում՝ ոնց կարող էր առաջին նախագահը գնար այսպիսի քայլի եւ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ասեր՝ եկեք միանանք, Հայաստանը փրկենք»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հրապարակային հայտարարությանը, որով նա Սերժ Սարգսյանին առաջարկում էր ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնություն դաշինքով՝ ասել է Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Վերջինս վիրավորված է այն փաստից, որ իր որդին եւ մյուսները, մասնակից լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, 2008-ին զոհվեցին հանուն Հայաստանի ազատագրման, սակայն Տեր-Պետրոսյանն այսօր ուզում է այդ նույն Հայաստանը փրկել նրանց հետ, ովքեր կանգնած էին այդ սպանությունների հետեւում:  

«Ու պատկերացնո՞ւմ եք՝ դրան ի պատասխան՝ մերժեց ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: Ումի՞ց էիր փրկում, ի՞նչ ես փրկում: Դու ոնց ես նայելու Մարտի 1-ի զոհերի ծնողների աչքերին, ի՞նչ ես ասելու: Ուրեմն ֆա՞րս էր էդ ամեն ինչը 2008 թվականին, դրանց դեմ պայքարը ֆա՞րս էր: Քո կողքին ենք եղել 10 տարի, Լեւոն Տեր-Պետրոսյան, չդավաճանեցինք քեզ, բայց դու մեկ օրում ամեն ինչ փչացրիր, դավաճանեցիր իմ զոհված էրեխուն»,- նկատել է Քլոյանը:

Սարգիս Քլոյանը հիշում է, թե ինչպես էր նախկինում հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանը անվանում Քոչարյանին ու Սարգսյանին:

«Ուզում է միանալ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին անվանում էր ավազակապետ, գիտե՞ք՝ ինչ էր անվանում, ասում էր՝ վիշապի գլուխներ են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ է՝ ուզում ես միանաս, դառնաս երրորդ գլո՞ւխ, դու միանում ես, որ դառնաս ավազակապե՞տ: Դու քննադատում էիր, ասում էիր՝ սելջուկ-թուրքեր, լավ, ինչի՞ համար դու քեզ ստորացրեցիր, ինչի՞ համար դու քո պատիվը խայտառակեցիր: Սեյրան Սարոյանը կասեր՝ լավ, դու գրագետ մարդ, դու կրթված մարդ, նախագահ մարդ, դու ճանաչված մարդ, ինչի՞ դու քեզ խայտառակեցիր»,- հռետորական հարց է բարձրացնում Մարտի 1-ի զոհի հայրը:

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին