Կարևոր իրադարձություններ

Մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվեն. 2 մլրդ 942 մլն դրամի պետական հատկացում. ԿԳՄՍՆ

06 Մայիս, 2021 17:47
Մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվեն. 2 մլրդ 942 մլն դրամի պետական հատկացում. ԿԳՄՍՆ

Կառավարության որոշմամբ 2 մլրդ 942 մլն դրամով կավելացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն: Գումարը նախատեսվում է հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար, ինչպես նաև Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Անհրաժեշտ է ապահովել արդեն մեկնարկած շինարարական աշխատանքների շարունակականությունը: «Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված է 2 դպրոց Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ և ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաև դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային, սպորտային: Այսինքն՝ բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ»,-ասել է Վահրամ Դումանյանը:

Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում, որի համար նախատեսվում է 1 մլրդ 396 մլն դրամ: «Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար կտրամադրվի 496 մլն դրամ: Մնացած յուրաքանչյուր մարզի համար նախատեսվում է 100 մլն դրամ՝ նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը մեկնարկելու համար»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այն կայացվում է ի կատարումն կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների մեր պատկերացումներն, ըստ էության, ամբողջացրել ենք, և այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչև բարձրագույն և հետբուհական կրթություն: Իհարկե, ինչքան էլ ամբողջացնում ենք, այստեղ ևս մի կոմպոնենտ ենք ավելացնում սրան. ժողովրդագրական ծրագրերը նույնպես պետք է դրվեն այս շղթայի մեջ որպես նախնական, բայց կարևորագույն օղակ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է ընգծել, թե որ համայնքներում են այդ ծրագրերը իրականացնում. «Առաջինը՝ դպրոցաշինության ծրագիրն է: Այս ծրագիրը անցյալ տարի մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով որոշակի գործընթացները դանդաղեցին, և հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի: Եվ ըստ այդմ, Արագածոտնի մարզում՝ Լուսակնի և Գառնահովիտի միջնակարգ դպրոցները, Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոցը, Արմավիրի մարզում Արգինայի միջնակարգ դպրոցը, Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի Բարեղամյանի անվան հիմնական դպրոցը և Շատջրեկ գյուղի միջնակարգ դպրոցը, Լոռու մարզում՝ Մեդովկայի, Հագվու միջնակարգ դպրոցները, Սյունիքում՝ Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցը, Վաղատինի և Դարբասի միջնակարգ դպրոցները, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոցը, Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոցը, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականության իրականացման կարևորությունը. «Բայց մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ պարտավոր ենք իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի դպրոցներից: Ես ուզում եմ արձանագրենք, որ այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացն, որն արդեն մայիսից մեկնարկել է: Մենք իրականացնելու ենք նաև հեռավար կրթության ծրագիր, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի, պատկերավոր ասած, Երևանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ և շահագրգռություն ունենան»:

Անդրադառնալով մանկապարտեզների ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում կառավարությունը կսահմանի նախակրթության չափորոշիչը: Նա ներկայացրել է, թե Արմավիրի մարզի Արևիկ համայնքից բացի, որ համայքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք, Արարատի մարզի Արալեզ համայնք, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Լոռու մարզի Սպիտակ համայնք, Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Շիրակի մարզի Արթիկ համայնք, Սյունիքի մարզի Կապան համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայր, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

«Մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, որ կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում կառուցի, ստեղծի, ձևավորի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ և այլն: Մյուս կողմից՝ մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում: Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են «իքս» ժամից «իքս» ժամը: Դա կրթական պրոցեսի կարևոր մաս է, երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձևով իրականացնելու ենք նաև մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է հետագա ամբողջ ֆինանսական ծախսերը հոգալու պարտականությունը: «2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաև սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայնքների եկամուտների ավելացման: Հիշում եք՝ շատ մեծ աղմուկ և քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում՝ գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունն ապահովելու գործում:

Եվ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց տեղի չի ունենում կամ դանդաղ է տեղի ունենում: Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ 2020թ. ճգնաժամային տարում արվել են սկզբունքային նշանակություն ունեցող բարեփոխումներ: Գույքահարկի համակարգի փոփոխությունը, օրինակ, պետական կարևորագույն բարեփոխումներից մեկն էր»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանվում: «Այսինքն՝ ամեն անգամ մենք արձանագրում ենք, որ գրանցված և աշխատավարձ վճարող աշխատատեղերի քանակը մեծանում է: Իհարկե, ամենատարբեր վերլուծությունները կան, թե ինչն է սրա պատճառը: Բայց ես կրկին ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2018թ. մենք նախաձեռնում էինք համահարթ եկամտային հարկի վերաբերյալ բարեփոխումները, մենք ունեինք հենց այդ թիրախը: Այն ժամանակ էլ շատ մեծ բանավեճեր էիր տեղի ունենում: Բայց մենք ասում ենք, որ մեր թիրախն այն է, որպեսզի ստեղծենք ռեալ շահագրգռություն, որպեսզի աշխատավարձերը և աշխատատեղերը դուրս գան ստվերից: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ այդ փոփոխություններից հետո, գործընթացը լիարժեք աշխատում է: Հիմա մենք ի՞նչ իրավիճակ ունենք որպես արդյունք՝ ունենք աշխատատեղերի աճ, որոնց մի մասն ակնհայտորեն ստվերից դուրս է եկել: Իհարկե, ենթադրվում է, որ նոր աշխատատեղեր էլ են ստեղծվել: Արդյունքում՝ մենք ունենք միջին աշխատավարձի աճ: Այսինքն՝ ոչ միայն աշխատատեղեր են ստվերից դուրս եկել, այլև՝ աշխատավարձերն են ստվերից դուրս եկել: Եվ վերջնարդյունքը՝ մենք ավելի ցածր եկամտային հարկի պայմաններում ունենք ավելի մեծ եկամտային հարկի բազա: Այսինքն՝ ավելի ցածր հարկային դրույքով ավելի շատ հարկեր ենք հավաքում:

Այն, ինչ որ ես հիմա ասացի, կներեք, դարակազմիկ բարեփոխումներ են Հայաստանի Հանրապետության համար: Եվ այդ ցուցանիշների առումով, որոնց մասին խոսում ենք, շղթայական ռեակցիան է շատ կարևոր: Այս դպրոցաշինության ծրագրերն ինչո՞ւ ենք կարողանում իրականացնել, որովհետև հարկային բարեփոխումների արդյունքում մենք ունենք ավելի մեծ հարկեր, ունենք ավելի շատ եկամտային հարկ»,-ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի նպատակը քիչ բնակչություն ունեցող համայնքների և բնակավայրերի նկատմամբ ուշադրությունն ընդգծելը չէ. «Մեր նպատակն այն է, որ մենք ծրագրեր իրականացնենք, որպեսզի այդ բնակավայրերում բնակչության թիվն ավելանա, երեխաների թիվն ավելանա: Սա կոնսերվացնող ծրագիր չէ, որ այ, փոքր համայնք է, այնպես անենք, որ յոլա գնա: Սա զարգացման ծրագիր է, որպեսզի այդ համայնքները մեծանան»:

Դիմելով մարզպետներին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ բոլոր համայնքների ղեկավարներին պետք է հանձնարարել, որպեսզի նրանք ուսումնասիրեն գույքահարկի մասին օրենսդրությունը, փոփոխությունները, հաշվարկեն սպասվող իրենց բյուջետային եկամուտների աճը: «Հանրապետության բոլոր բնակավայրերի երեխաների համար մենք պետք է ապահովենք մանկապարտեզներ: Ընդ որում, հաշվարկները պետք է ճշգրիտ անել: Օրինակ, երբ մենք Ռինդ համայնքում նորակառույց շատ լավ մանկապարտեզ այցելեցինք, այդ մանկապարտեզը նախատեսված է ոչ միայն Ռինդի բնակիչ երեխաների համար: Եվ մենք կարող ենք մի քիչ խոշորացված տրամաբանությամբ սկսել, հետո երբ երեխաների թիվը կավելանա, կպարզվի, որ Ռինդի երեխաներն, օրինակ, բավարար թվով են, որպեսզի այդ մանկապարտեզը ծանրաբեռնեն, մենք շղթայական մյուս տեղերում էլ կիրականացնենք: Իհարկե, սուբվենցիոն ծրագրերով էլ պետք է իրականացվի մանկապարտեզաշինություն, բայց սկզբունքը, միևնույն է, դա է, որ շահագործման հանձնելուց հետո համայնքը պետք է ապահովի աշխատավարձ, հաստիքներ, սպասարկում, կոմունալ ծախսեր, ընթացիկ նորոգումներ և այդպես շարունակ: Եվ մենք այդ գործիքը տվել ենք համայնքներին, ինչպես ասացի, գույքահարկի մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին՝ նախակրթության ոլորտում դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման գործընթացը բովանդակային և տեխնիկական առումով կարգավորել դպրոցների նույն սկզբունքով. «Այստեղ էլ ունենք պրոբլեմ՝ կադրերի որակավորման բարձրացման մեխանիզմ գործարկելու և որպես արդյունք՝ նաև աշխատավարձերի շարունակական աճն ապահովելու համար: Այսինքն՝ այս գործընթացը պետք է սկսել: Նախակրթության չափորոշիչի մասին խոսեցինք՝ շրջանառության մեջ է, և մենք առաջիկայում պետք է ընդունենք:

Երկրորդ, այդ հարցն արդեն պետք է արդեն կոնկրետացնենք գյուղական բնակավայրերում ուսումնական ցիկլերի այնպիսի կազմակերպում, որ հնարավոր լինի, այսպես ասած, բարձր որակավորման ուսուցիչների, ասենք, ամսվա մեջ մի քանի օր, կամ սեզոնի ավարտից հետո, ամառային շրջանում գործուղել գյուղական դպրոցներ, որպեսզի նրանք այնտեղ դասավանդում իրականացնեն ինչ-որ մեթոդաբանությամբ:

Եվ հաջորդը՝ հեռավար դասավանդման տեխնիկական միջոցներ արդեն ունենք, ենթակառուցվածքի մասով ինչ-որ լուծումներ ունենք, և շատ կարևոր է, որ մենք բովանդակությունը հասկանանք՝ ի վերջո, աշխատո՞ւմ է դա: Որովհետև հարցն այն չէ, որ էկրանից ինչ-որ մեկը երևա և ինչ-որ բան ասի: Այստեղ բազմաթիվ նրբություններ կան՝ ինչպե՞ս ենք մենք օգնելու երեխային, որ ինքը կենտրոնանա նյութի վրա, ընկալի և այլն: Այո, գործուղման վճարները մենք ավելացրել ենք, բայց պետք է արդեն գործարկել այդ պրոցեսը և հասկանել, թե այստեղ ինչ հնարավորություններ կան, ինչ փոփոխություններ պետք է անենք, որպեսզի գործընթացն ամբողջանա:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հետ կապված որոշակի խնդիրներ կան, հույս ունեմ՝ այդ խնդիրներն առաջիկայում կհաղթահարվեն, որպեսզի մենք այս շղթան ամբողջացնենք: Եվ հույս ունեմ, որ այն գաղափարները, որ մենք ունենք ժողովրդագրության ոլորտում, իրագործելու ուղիները կգտնենք, և այս առումով մարդկային ռեսուրսի զարգացման այս մի ուղղությունը կամբողջացնենք»:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև ուսումնական հաստատություններում «Ֆիզկուլտուրա» առարկայի անցկացնումն ու դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը. «Զանգվածային սպորտի հետ կապված նույնպես պլաններ կան, բայց այս ուղղությունները պետք է անընդհատ մեր ուշադրության կենտրոնում լինեն: Այսօր Հայաստանում ոչ մի բուհ չկա, որ ունենա ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածք՝ շենք: Այսօր Հայաստանում բուհերի մեծ մասն ուղղակի մարզական ենթակառուցվածք ընդհանրապես չունի: Սա հարց է, որը մենք, իհարկե, կքննարկենք»:

Գործադիրն ընդունել է մեկ այլ որոշում՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու առավել վտանգավոր դպրոցական շենքեր ունեցող դպրոցների ցանկը։ Կառավարության որոշումներով հաստատվել է ծրագրի շրջանակում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկը։ 2019-2020 թթ. ավարտվել են 6 դպրոցների շինարարական աշխատանքները, ներկայումս շինարարություն է իրականացվում 12 դպրոցում, 15 դպրոցում՝ նախագծային աշխատանքներ։ Կատարված ուսումնասիրություննների արդյունքներով ի հայտ են եկել հանրապետության բնակավայրերում էլ ավելի վատթար վիճակում գտնվող, առաջնահերթ լուծում պահանջող դպրոցական շենքեր։ Ծրագրի արյունավետ իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրվել են որոշումներով հաստատված Երևանի թիվ 188 հիմնական դպրոցի, ՀՀ Արարատի Այգեստանի միջնակարգ դպրոցի, ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցի, ՀՀ Լոռու մարզի Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի, ՀՀ Վայոց ձորի Վայքի հիմնական դպրոցի շենքերը և որպես առավել վտանգավոր 10 դպրոցներ։ Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել՝ ցանկում ներառելով առավել վտանգավոր դպրոցները:

 

Լրահոս

Դիտել ավելին