Կարևոր իրադարձություններ

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացնում

06 Մայիս, 2021 11:07
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացնում
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Ականջալուր լինելով մեր բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ ընդլայնել ենք համաներման ակտի կիրառման շրջանակները, որի արդյունքում համաներումը տարածվելու է՝
1. օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և
2. Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ (նույն հոդվածի 3-րդ մասի նկատմամբ համաներումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ):
 
​Այս համաներման շահառուներին հնարավորություն է տրվելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին ներկայանալ քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
 
Մեր հայրենակիցների համար կցանկանայի շեշտադրել այն, որ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ՝
1. մենք նպատակ ենք ունեցել հնարավորություն ընձեռել համաներման շահառուներին ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու,
2. հիմքում ունեցել ենք հետպատերազմյա հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը և
3. առաջանորդվել ենք մարդասիրության և համերաշխության սկզբունքներով:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Համաներումը ՉԻ՛ տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին