Կարևոր իրադարձություններ

Արցախը հանձնելուն մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակությունում ապրող որոշ մարդիկ. «Փաստ»

06 Մայիս, 2021 09:00
Արցախը հանձնելուն մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակությունում ապրող որոշ մարդիկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժամանակին մենք մեզ խեղդել էինք պաթոսի ու կեղծ հայրենասիրության ճիրաններում՝ բղավելով, թե «հող հանձնողին կհանձնենք հողին»։ Առհասարակ, ոչ միայն այս արտահայտությունը, այլև նմանատիպ աֆորիզմներ դարձած այլ մտքեր, մեկը մյուսի հետևից փուչիկի նման պայթեցին արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հող հանձնողներին ոչ միայն չհանձնեցինք հողին, այլև մեզ հետ, մեր կողքին ապրում են մեծաթիվ մարդիկ, որոնք արդարացնում և պաշտպանում են հող հանձնելը։ Խնդիրը շատ ավելի խորքային է, բազմաթիվ շերտեր ունի, սակայն հիմնական պատճառներից մեկն այն է, որ Արցախը հանձնելուն երկու ձեռքով մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակության մեջ ապրող հիմնականում երկու տեսակ մարդիկ՝ քաղքենին և լյումպենը:

Քաղքենին մշտապես Արցախը բեռ, իր խնդիրների հիմնական պատճառ է համարել։ Այս մարդիկ միշտ կողմ են եղել Ղարաբաղը հանձնելուն, միայն թե ինքը կամ իր որդին չծառայի Արցախում, բայց իր տանը միշտ լինի Արցախից ներկրված ցորենից թխված թարմ հաց: Կամ նուռ: Կամ... Այս մարդիկ ատում են այն ամենն, ինչ կապված է բանակի հետ՝ սկսած ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդկանցից մինչև մերօրյա գեներալներ, քանի որ խաթարվել է իրենց անդորրը, հանգիստ սուրճ ու թեյ խմելու միջավայրը։ Քաղքենին այս պատերազմի ընթացքում ևս մահճակալների տակից ծղրտում էր, թե բա՝ թող բանակը թալանած գեներալները Ղարաբաղը պահեն, Ղարաբաղում ապրողը Ղարաբաղը պահի, ես ի՞նչ կապ ունեմ: Ի դեպ, այս մարդկանց համար Ղարաբաղն այդպես էլ Արցախ չդարձավ։ Այս մարդիկ նույնիսկ դեմ չեն լինի Սյունիքը, Տավուշը, անգամ Հայաստանը հանձնելուն, միայն թե իր անդորրը չխաթարվի, երեխան չծառայի, իսկ տանն էլ միշտ թարմ ուտելիք ու սուրճ լինի։ Քաղքենին անգրագետ չէ, հակառակը՝ մեծամասամբ բարձրագույն կրթություն և բարձր վարձատրվող աշխատանք ունի։

Դա է պատճառը, որ նա արագ ընկալել ու սեփականաշնորհել է դեռևս 90-ականներից քարոզվող «լավ չես ապրելու, Սերգո ջան, մինչև հողերը չհանձնես» ու նմանատիպ մառազմատիկ թեզերը։ Քաղքենու համար կոմֆորտի գոտին այստեղ է. այլ տեղում և այլ պայմաններում նա պարզապես նման է ապակե կլոր տարայի մեջ նետված երկյուղած գերմանամկան։ Հաջորդը լյումպենն է, որն, ի տարբերություն քաղքենու, ունի սահմանափակ աշխարհընկալում, մակերեսային գիտելիքներ և ցածր գիտակցություն որևէ լուրջ բան հասկանալու համար։ Լյումպենը ևս կողմ է Ղարաբաղը հանձնելուն, քանի որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում Ղարաբաղը:

Լյումպենը չի ապրում արժեքներով, նա, դիցուք, ընտրություններին գոռում է՝ «ով՝ էշ, ես՝ փալան» տխմարագույն միտքն ու ապրում այդ տրամաբանությամբ, նրան երբեք չես տեսնի ինչ-որ ազգային կարևոր իրադարձություններին և գործընթացներին մասնակցելիս, բայց կտեսնես որևէ դեֆիցիտ ապրանքի հերթում խանութների պատերն ու ցուցափեղկերը գրոհելիս: Քաղքենին ու լյումպենը բազմաթիվ դրվագներով տարբեր են, բայց մի բան նրանց միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են: Ցավոք և բարեբախտաբար, հասարակության այս շերտը պատերազմից անմիջապես հետո լիարժեքորեն բացահայտվեց։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ քաղքենին ու լյումպենը ծպտուն չհանելով էին համաձայն Արցախը հանձնելուն, քանի որ վախենում էին «հողին հանձնվելու» սարսափազդու մտքից, ապա Նիկոլի իշխանության ժամանակ սրանք բացահայտ գոռում են դրա մասին, քանի որ էլ ումի՞ց վախենան. ումից պետք է վախենային, նրանց հետ երթ ու հանրահավաք են անում նույն թեմայի շրջանակում։ Բայց նրանք հիմա երթ ու ցույց են անում ոչ այն պատճառով, որ Ղարաբաղը հանձնել են, այլ այն պատճառով, որ ուշ են հանձնել:

Ամփոփենք. քաղքենին ու լյումպենն այսօր սահուն կերպով դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարաններից մեկը (չշփոթել 2018 թ. Նիկոլին ձայն տված հարյուր հազարավոր մարդկանց հետ, նրանց մեծ մասի նպատակներն ու մոտիվացիան ազնիվ մղումներից էին, ավելի լավ ապրելու պահանջմունքից էին բխում): Նիկոլը մարմնավորում է այս մարդկանց, ապահովում նրանց կոմֆորտ գոտին, հանձնում է այն, ինչ իրենք անպետք են միշտ համարել, խոսում է այն ամենի մասին, ինչն իրենց դուր է գալիս, ապահովում էժան տեսարաններով։ Դրա համար վերջիններս պինդ բռնել ու բաց չեն թողնում նրան։ Ապահովել հաց և տեսարան՝ սա է երեք տարի եղել Նիկոլի իշխանության գոյության հիմնական գրավականներից մեկը։ Տեսարանների ապահովման մասով դեռ խնդիր չկա, դեռ շարունակվում են ու առաջիկա ընտրական գործընթացների ֆոնին էլ ավելի այլանդակ դրսևորումներ կլինեն։

Իսկ հացի մասով արդեն խնդիր կա, պարզապես իշխանությունը մինչև ընտրություններ դրա մասով էլ կձգի, իսկ հետոն կնմանվի խանութի պատերն ու ցուցափեղկերը գրոհելու տեսարաններին, բայց արդեն Հանրապետության հրապարակում։ Բայց լինենք լավատես և հուսանք, որ գործը դրան չի հասնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին