Կարևոր իրադարձություններ

Դումանյանը Շվեդիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պահպանության խնդրին

06 Մայիս, 2021 00:20
Դումանյանը Շվեդիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պահպանության խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է գերատեսչության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել. «Հետպատերազմական շրջանում մեզ համար առաջնահերթություն է բոլոր ուղղություններով բարեփոխումների իրականացումը: Այդ գործում կարևորում ենք նաև Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը: Նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտները համագործակցության լայն շրջանակ ունենալու հնարավորություն են տալիս: Պատրաստակամ ենք գործընկերային հարաբերություններն ակտիվացնել և դարձնել առավել արդյունավետ»:

 

 

Ընդգծելով Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency - SIDA) փորձառությունը՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել վերջինիս հետ համագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով: Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ հայ-շվեդական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ համատեղ միջբուհական, հետազոտական և ուսանողական ավարտական աշխատանքների որակն ու արդյունավետությունը բարձրացնող, ինչպես նաև «Erasmus+» ծրագրեր իրականացնելու համար:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին: Դիվանագետը նշել է, որ ուրախ է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորության համար և շեշտել՝ շվեդական կողմը ևս պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել դիտարկել մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը, որի գործունեության արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա հայկական մշակութային ժառանգությունն աղավաղելուց և ոչնչացնելուց: Այս համատեքստում Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեյի գործունեությունը կնպաստի խնդրի կարգավորմանը: Դեսպան Պատրիկ Սվենսոնն արձագանքել է, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է և անում են ամենայն հնարավորը՝ կարճ ժամանակ անց այդ և հակամարտությանն առնչվող մյուս՝ դեռ չլուծված հարցերում տեսանելի արդյունքներ գրանցելու համար:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին