Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի մարտահրավերները պահանջում են միջազգային համագործակցության ընդարձակում. Պետրոսյան

05 Մայիս, 2021 15:03
Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի մարտահրավերները պահանջում են միջազգային համագործակցության ընդարձակում. Պետրոսյան
Պաշտոնապես մեկնարկեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։
 
Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել են Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկային առցանց հանդիպմանը։
 
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանդես է եկել բացման ելույթով։
 
Ողջունելով գործընկերներին «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի մեկնարկային միջոցառմանը՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
 
«Կարևորելով ԵՄ Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը՝ վստահ եմ, որ այս Ծրագիրն էապես կաջակցի եվրոպական առաջադեմ ստանդարտների համապատասխանեցմանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում»,- նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը։ Քանի որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա մարտահրավերները այլևս վերազգային բնույթ են կրում, ուստի դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդարձակում և ջանքերի միատեղում գլոբալ մակարդակում։
 
Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Չեխիայի և Ֆինլանդիայի առաջադեմ փորձը շրջակա միջավայրի կառավարման, մասնավորապես կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանութան և արդյունավետ կառավարման գործում։
 
«Վստահ եմ, որ միավորելով այս կոնսորցիումի փորձառությունը, ռեսուրսները և գիտելիքները՝ հնարավոր կլինի ապահովել Թվինինգ ծրագրի արդյունավետ իրականցումը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս համագործակցությունը նաև լավ հնարավորություն է կայուն զարգացման սկզբունքների համատեքստում կիսելու Եվրոպական միության՝ ոլորտում ձեռք բերած նվաճումները և արժեքները»,- ելույթը եզրափակել է նախարարի պաշտոնակատարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին