Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է հայտարարել համաներում՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ

04 Մայիս, 2021 13:46
Նախատեսվում է հայտարարել համաներում՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ խորհրդարանը մայիսի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախաձեռնության ընդունման հիմքում ընկած են հետպատերազմական հետեւանքների մեղմումը, ինչպես նաեւ մարդասիրության եւ համերաշխության սկզբունքների դրսեւորումը: 
  
Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք եւ սեփական ավանդը ներդնելու մի շարք ոլորտների զարգացման գործում: 
  
Նախատեսվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: 
  
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կկատարվեն փոփոխություններ, որոնց համար հիմք են հանդիսացել տեղի ունեցած քննարկումները: Փոփոխությունների արդյունքում ընդլայնվելու է հնարավոր շահառուների շրջանակը: Նախատեսվում է համաներում կիրառել  ՀՀ քրեական օրենսգրքի ոչ միայն 327-րդ հոդվածի 1-ին, այլ նաեւ 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: 
  
Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաեւ վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ: 
  
Համաներումը նախատեսվում էր չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում կամ դատապարտվել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով: Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է մինչեւ երկրորդ ընթերցում հանել այս սահմանափակումը: 
  
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց օրինագծի առնչությամբ իր ղեկավարած հանձնաժողովի դրական եզրակացությունը: 
  
«Հստակ գիտակցելով, որ արտերկրում գտնվող բազմաթիվ հայ երիտասարդներ պատերազմի ընթացքում չկարողացան վերադառնալ հայրենիք եւ իրենց աջակցությունը ցուցաբերել պետությանը՝ ՀՀ կառավարությունը մարդասիրական սկզբունքներով նախաձեռնեց մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու գործընթացը: Դրանով տարբեր պատճառներով հայրենիքից բացակայած երիտասարդներին բացառիկ հնարավորություն է տրվում վերադառնալու եւ հետպատերազմյան շրջանում իրենց ներդրումն ունենալու ՀՀ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտների զարգացման գործում»,-ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը: 
  
Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները փորձեցին հստակեցնել Հայաստան վերադառնալուց հետո մեր հայրենակիցների նկատմամբ համաներման կիրառման ընթացակարգերը: 
  
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ վերջիններս կամովին պետք է ներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան: Ներկայանալու պարագայում ընթացակարգային հարցեր պետք է լուծվեն: Համաներման կիրառման հարցը պետք է քննարկվի իրավասու մարմնի կողմից՝ պարզելու, թե տվյալ անձի նկատմամբ համաներման կիրառման սահմանափակում կա, թե ոչ, եւ համապատասխան ընթացակարգերով որոշում կկայացվի: Համաներումն իրավասու մարմինների կողմից կիրառվելու է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: 
  
«Քաղաքացիները կներկայանան ՀՀ, եւ արագ ընթացակարգերի միջոցով համապատասխան իրավասու մարմինների կողմից կկայացվի քրեական հետապնդումը դադարեցնելու եւ չիրականացնելու որոշումներ: Կստացվի, որ համաներումը կիրառվել է այդ անձի նկատմամբ»,-ասաց փոխնախարարը:

Լրահոս

Դիտել ավելին