Կարևոր իրադարձություններ

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա․ Արեն Մկրտչյան

03 Մայիս, 2021 21:21
Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա․ Արեն Մկրտչյան

Չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից եւս 2 ամիս աշխատավարձ կստանա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչեւ հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։

 

Պրն․ Պետրոսյանը չէր մերժել խնդրանքս։ Արդյունքում 2020թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 12 ամիս աշխատավարձ են ստանում՝ չհաճախելով աշխատանքի, քանզի, ինչպես նշեցի, ձեռնարկության գործունեությունն առայժմ դադարեցված է։ Այս քայլով ձեռնարկության ղեկավարությունն ընդառաջ է գնացել՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական դրությունը։ Շնորհակալ եմ։

Օրեր առաջ խնդրել եմ մայիս-հունիս ամիսներին ևս վարձատրել աշխատակիցներին։ Աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են։ Ընկերությունն այս 12 ամսում հսկայական գումար է վճարել՝ տասնյակ միլիոն դրամ՝ չունենալով եկամուտ։

Գիտեք՝ մեծ ծավալի աշխատանք եմ կատարում Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծման, նոր ներդրողների ներգրավման ուղղությամբ։ Սա, թերևս, իմ կարևորագույն առաջնահերթություններից է։ Կանենք հնարավորը՝ հաջողելու համար»,- գրառել է պատգամավորը։

 

Լրահոս

Դիտել ավելին