Կարևոր իրադարձություններ

Ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին

01 Մայիս, 2021 18:04
Ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, թե որ փուլում է գտնվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը, գրում է 1lurer.am-ը:

Գրիգորյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի աշխատանքները բխում են և ընթանում են հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության շրջանակում, և այդ շրջանակում կա ստեղծված 2 փորձագիտական ենթախումբ:

«Մենք քննարկում ենք մի իրավիճակ, որ հայտարարության իրականացման պարագայում հարաբերությունները պետք է կարգավորվեն ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց Հայաստանը միացած է, և որոնք այսօր գործում են»,- ասաց Գրիգորյանը:

Փորձագիտական աշխատանքը, ըստ նրա, պետք է ցույց տա, թե արդյոք բոլո՞ր դրույթներն են, որ կիրառելի են և կարող են կիրառվել այն հարաբերությունների նկատմամբ, որոնք կձևավորվեն ապաշրջափակման պարագայում:

Ինչ վերաբերում է երեք երկրների փոխվարչապետների աշխատանքներին, նկատեց՝ այս պահին գործողություններն իրականացվում են հունվարի 11-ի շրջանակներում: 

«Երբ լինի որոշումների կայացման հնարավորություն, ելնելով փորձագիտական եզրակացությունից, այդ ժամանակ ընդհանուր կոնտեքստում որոշումները կկայացվեն կամ չեն կայացվի: Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները: Իրականության մեջ ամենահավանական տարբերակը ենթակառուցվածքների վերականգնումն է: Ժամանակին եղել են ենթակառուցվածքներ, ինչը նշանակում է, որ տեխնիկական հավանականությունը նման ենթակառուցվածք ունենալու այս կամ այն վայրում, ըստ էության կա, բայց ինչ վիճակում են դրանք հիմա, և ինչ ժամկետներում և ինչ ռեսուրսների մոբիլիզացմամբ է հնարավոր դրանք իրականացնել՝ պետք է հաշվարկվի և տեխնիկական զննություն իրականացվի»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին