Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Հարկավոր է գտնել կաթնամթերքի վերամշակումը մոդեռնիզացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհներ. էկոնոմիկայի նախարար

30 Ապրիլ, 2021 19:49
Հարկավոր է գտնել կաթնամթերքի վերամշակումը մոդեռնիզացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհներ. էկոնոմիկայի նախարար

Ապրիլի 30-ին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել կաթնամթերք արտադրող  և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է արտադրողներին օժանդակություն ցուցաբերել ոլորտի խնդիրների լուծման հարցում․«Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը կնպաստի ոլորտի զարգացմանը։  Հարկավոր է գտնել կաթնամթերքի վերամշակումը մոդեռնիզացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհներ, իսկ պետությունը կաջակցի դրանց իրականացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին», - ասել է նախարարի պաշտոնակատարը։   

Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝  խոսելով հարկային բարեփոխումների, մասնավորապես բարձր ԱԱՀ-ի մասին, որն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա։ Թվարկված խնդիրների շարքում հանդիպման մասնակիցներն առանձնացրել են նաև ֆինանսների անհասանելիության և որակյալ կաթ մթերելու հարցը։ Քննարկում է ծավալվել բարձրացված հարցերի հնարավոր լուծումների շուրջ։  

Անդրադառնալով հարկման խնդիրներին` Վահան Քերոբյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում ընդհանուր հարկային քաղաքականությունը փոխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվում է բոլոր ոլորտներում շրջանառության հարկի վերացում և, ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ, հարկային ընդհանուր համակարգում ԱԱՀ տարբերակված հարկային դրույքների կիրառում։

Քննարկվել են նաև մթերումների, բանկերի կողմից վարկերի տրամադրման, արտահանումների կազմակերպման, իրացման շուկաների ընդլայնման, տեղական և միջազգային խոշոր ցանցերի հետ աշխատանքի, ապրանքների փաթեթավորման և ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր։ 

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու և մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին արտադրողերը նշել են, որ, թեև պատերազմի և համավարակի բացասական ազդեցությունն իրենց գործունեության վրա զգալի է եղել և կան շատ ոլորտին առնչվող խնդիրներ, այդուհանդերձ  պետք է մտածել դրանց լուծման ուղղությամբ և շարունակել աշխատել՝ հաջողությունների հասնելու և երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

Լրահոս

Դիտել ավելին