Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք (լուսանկարներ)

30 Ապրիլ, 2021 18:22
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք (լուսանկարներ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու զարգացման ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքի զարգացման մոդելը։ 2015 թվականին բացված քաղաքն զբաղեցնում է 1200 հա մակերեսով տարածք, ներկայում ունի 3800 բնակիչ։ Այստեղ գործող ենթակառուցվածքների, տնտեսության, կրթության և ծառայությունների հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են և ռոբոտաշինությունը։ Գործում է Հատուկ տնտեսական գոտի՝ հարկային արտոնություններով, որը և քաղաքը գրավիչ է դարձնում ՏՏ ընկերությունների, ստարտափերի համար։ Ներկայում գրանցված է 360-ից ավելի ընկերություն։ Ստեղծվել են ծառայությունների ապահովման համալիր ենթակառուցվածքներ՝ բնակելի համալիրներ, մանկապարտեզներ, դպրոց, բժշկական ու սպորտային կենտրոններ, փոստային ու բանկային բաժանմունքներ և այլն։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է քաղաքում գործող ՏՏ մի շարք ընկերությունների ծրագրերին և գործունեության պայմաններին, որոշ տեխնոլոգիական ձեռնարկությունների կողմից վարչապետի պաշտոնակատարին են փոխանցվել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման առաջարկներ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իննոպոլիսի համալսարան, ծանոթացել, տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետների պատրաստման կրթական և հետազոտական ծրագրերին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրական է համարել Իննոպոլիսում ստեղծված տեխնոլոգիական միջավայրը՝ նշելով, որ Հայաստանում ՏՏ ոլորրտը դինամիկ զարգանում է, և կառավարությունը շահագրգռված է ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների շարունակական բարելավմամբ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իննոպոլիսի հետ փորձի փոխանակումը՝ որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառման հաջող օրինակ։

Նախքան Իննոպոլիս այցը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակից մյուս կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, գործող ցուցահանդեսներին և միջոցառումներին։

Լրահոս

Դիտել ավելին