Կարևոր իրադարձություններ

Քրեական օրենսգրքում պաշտոնատար անձանց կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող լրացումը մերժվեց

30 Ապրիլ, 2021 15:24
Քրեական օրենսգրքում պաշտոնատար անձանց կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող լրացումը մերժվեց

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ պետական ծառայողը զսպվածություն եւ պատասխանատվություն պետք է ցուցաբերի հանրային նշանակության տեղեկատվության բարձրաձայնման հարցում: Նախագծով պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկությունները հրապարակայնորեն հայտնելու դեպքում առաջարկվում է նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով տուգանք կամ ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ եթե ազգային անվտանգությանն առնչվող տեղեկատվության հարցում կա օրենսդրական կարգավորում, ապա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակն ընդգրկուն է: Ընդգծելով, որ հասարակությունը պետք է պետական մարմիններից ստանա հստակ եւ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն՝ հարակից զեկուցողը կարծիք հայտնեց, որ կարգավորումը չի օժանդակելու խնդիրների լուծմանը: Նա առաջարկեց այս պահին զերծ մնալ նախագծի ընդունումից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության եզրակացությունը, նշեց, որ «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» հասկացությունն անորոշ է, այն կարող է ընդգրկել հարցերի լայն շրջանակ: Նույնը վերաբերում է նաեւ «ազգային անվտանգությանն առնչվող հարցեր» ձեւակերպմանը: Անորոշ շրջանակ պարունակող հանցակազմ այլ երկրների օրենսդրություններում եւս սահմանված չէ:

Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Ատոմյանը, Նազելի Բաղդասարյանը եւ Սիսակ Գաբրիելյանն իրենց ելույթներում անդրադարձան նախագծի ընդունման հնարավոր ռիսկերին, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվության հանրայնացման սահմանափակումներին:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունը չստացավ դրական եզրակացություն: 

Լրահոս

Դիտել ավելին