Կարևոր իրադարձություններ

Շուրջ 10.000.000 ՀՀ դրամ-ի ոսկյա զարդեր գողացած երիտասարդները կալանավորվել են

30 Ապրիլ, 2021 14:41
Շուրջ 10.000.000 ՀՀ դրամ-ի ոսկյա զարդեր գողացած երիտասարդները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում ոսկյա զարկերի խանութներում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի երկու բնակիչներ, նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող խանութի ոսկյա զարդերը ավազակության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 08:00-ի սահմաններում, ավտոմեքենայով միասին գնացել են նշված խանութի տարածք, դարանակալել խանութի հարևանությամբ գտնվող աստիճանների տակ՝ սպասելով վաճառողուհու գալուն: Ժամը 09:00-ի սահմաններում, երբ վերջինս անջատել է խանութի ազդանշանային համակարգը, երիտասարդները ապօրինի մուտք են գործել ոսկյա զարդերի խանութ, հարձակվել նրա վրա, կապել բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներով նրանից պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները, երիտասարդներից մեկը կրակել է խանութի հատակին, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝ դիմել են փախուստի:

Օրեր անց, վերոհիշյալ երիտասարդները, նույն եղանակով կատարել են ևս մեկ ավազակային հարձակում. 2020թ. օգոստոսի 10-ին՝ 11:40-ի սահմաններում, երկուսով ապօրինի մուտք են գործել մեկ այլ խանութ, որտեղ երիտասարդներից մեկը հարձակվել է խանութի սեփականատիրոջ վրա, ձեռքերով փակել նրա բերանն ու աչքերը, որից հետո ձեռքերով ամուր սեղմել է նրա պարանոցը՝ առաջացնելով շնչահեղձություն: Այդ ընթացքում մյուս երիտասարդը խանութի ցուցափեղկերից վերցրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 21.808.900 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, և երկուսով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 
 

Լրահոս

Դիտել ավելին