Կարևոր իրադարձություններ

Իշխան Սաղաթելյանն ու Տարոն Տոնոյանը որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել․ Գոռ Աբրահամյան

29 Ապրիլ, 2021 14:41
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Իշխան Սաղաթելյանն ու Տարոն Տոնոյանը որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաստաբան Բենիկ Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որի իմաստն այն է, որ ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության:

Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած դեռևս ապրիլի 27-ից: Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագիրը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով:
 
Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել:
Այսինքն նշվածներից առանձին անձինք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ:
Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ ավելի շուտ հակառակ տրամաբանությամբ:
Հետևաբար մեր գործընկերոջը հորդորում ենք փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել և թյուր կարծիք չձևավորել»:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ կանչվել է Երևանի քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին