Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները հին մեքենաները նորով փոխարինելու համար առավել հարմար հարկային պայմաններ կունենան․ կառավարության որոշում

29 Ապրիլ, 2021 13:52
Քաղաքացիները հին մեքենաները նորով փոխարինելու համար առավել հարմար հարկային պայմաններ կունենան․ կառավարության որոշում

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Հիմնավորման համաձայն, ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետբյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:

Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկությունները: Մասնավորապես, ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: Արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ խոսքն օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է: «Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենաներ: Եվ մենք ուսումնասիրությունների արդյուքնում եկել ենք այն եզրահանգման, որ մեր գործող հարկային համակարգն այս գործընթացի համար նպաստավոր չէ: Մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել, որ ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա, որ հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը ՀՀ-ում, լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը: Օրինագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը: Նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում: Հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:

Ինչպես նշել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և ապրանքատեսակներում ինչպիսիք են՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: Ըստ նրա՝ Եվրոպական միության տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում, դեռևս 70-ական թվականներից՝ գյուղատնտեսական ոլորտը դիվերսիֆիկացնելու նպատակով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար: «Կարգավորումները վերաբերում են նաև, թե ինչպիսին պետք է լինեն սուբյեկտները, քրեական որ հոդվածներով պատիժ կրած անձինք չեն կարող լինել մասնակից տվյալ ընկերություններում: Մասնավորապես՝ մասնակիցները, փոխկապակցված անձինք, իրական շահառուները և աշխատակիցները չեն կարողանալու զբաղվել տվյալ գործունեության տեսակով, եթե ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ բավականին լուրջ վերահսկողության համակարգ է նախատեսվում ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, ըստ էության նոր ոլորտ են մտնում և ենթադրել, որ մեկ գործողությամբ միանգամից ամեն ինչ կկարգավորեն՝ այդքան էլ իրատեսական չէ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ԱԺ-ում, միջգերատեսչական քննարկումներում, ենթաօրենսդրական ակտերն ընդունելուց պետք է պատշաճ ազդեցության գնահատում լինի, ռիսկերը հաշվառվեն, նույնականացվեն ռիսկերի կառավարման մեթոդները, գործիքակազմը հստակեցվեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ արտադրությունների նկատմամբ ամենաբարձր աստիճանի վերահսկողության անհրաժեշտությունը. «Կառավարությունը բոլոր լծակները պետք է ունենա, որպեսզի այդտեղ որևէ այլ զարգացում թույլ չտա և լիցենզավորումը, ընդհանրապես այն ֆինանսական և որակական պահանջները, որոնք դրվում են՝ հնարավորություն կտան, որ երաշխավորենք որևէ հարակից նեգատիվ էֆեկտից»:

 

Լրահոս

Դիտել ավելին