Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, այդ թվում՝ քաղաքացիների պատվաստվելու կարևորությանը:
Նա հավելեց, որ ավելի քան մեկ տարի աշխարհն ապրում է համավարակի պայմաններում, ու ՀՀ կառավարության ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով:
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ պետք է սկսել իրենցից՝ մի շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն: «Եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ քաղաքացիների առողջությանը, կյանքին, ՀՀ կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ շատ մեծ լրատվական շահարկումներ կան պատվաստանյութերի առումով:
«Հիմա աշխարհում պատվաստվածների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով, այնպես որ՝ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ շուտով որևէ ճամփորդության համար պատվաստումը պետք է լինի պարտադիր:
Վարչապետի պաշտոնակատարը պատվաստվելը կարևորեց ոչ միայն Հայաստանից արտերկիր ճամփորդությունների, այնպես էլ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների համար: