Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները ստորագրել են երկու երկրների՝ 2021-2022 թթ. անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության ծրագիրը

28 Ապրիլ, 2021 18:04
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները ստորագրել են երկու երկրների՝ 2021-2022 թթ. անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության ծրագիրը

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Կողմերը ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:

Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը :

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: 

Հանդիպման ընթացքում հաստատվեց Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև  2021 – 2022 թթ. համագործակցության ծրագիրը:

Հանդիպման  ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին