Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են փամփուշտներով ատրճանակ ու մեթամֆետամինի նմանվող զանգվածներ. 4 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

26 Ապրիլ, 2021 21:36
Հայտնաբերվել են փամփուշտներով ատրճանակ ու մեթամֆետամինի նմանվող զանգվածներ. 4 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Օրեր տեւած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության բաժնից։

Նրանց հայտնաբերման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ինչպես եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Նախ ապրիլի 20-ին բերման ենթարկվեցին 27 եւ 30 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի եւ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նույն օրը,  մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց նաեւ 26-ամյա մի երիտասարդ՝ դարձյալ Երեւանի բնակիչ։ Նրա խուզարկությամբ եւս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Մեթամֆետամին կար նաեւ երիտասարդի մեքենայում։

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցն իրացրել էր Նուբարաշենում հաշվառված 36-ամյա մի տղամարդ, որը  նույն թաղամասի բնակիչ 39-ամյա ընկերոջ հետ ապրիլի 21-ի գիշերը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներով գազային ատրճանակ ու մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին նաեւ 36-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով 100 գրամից ավելի մեթանֆետամինի նմանվող զանգված։

Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածներից չորսը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին