Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր նահատակվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության ժամանակ. Ջո Բայդեն (ամբողջական ուղերձը)

24 Ապրիլ, 2021 21:00
Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր նահատակվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության ժամանակ. Ջո Բայդեն (ամբողջական ուղերձը)

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվանել է Ցեղասպանություն: 

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք Օսմանյան կայսրության օրոք Հայոց ցեղասպանության զոհերին և հանձն առնում կանխելու նման վայրագությունները: 1915-ի ապրիլի 24-ից Օսմանյան կայսրության ղեկավարությունը սկսեց Կոստանդնուպոլսի համայնքային ղեկավարների ու մտավորականների ձերբակալությունները: 1.5 մլն հայեր տեղահան արվեցին ու սպանվեցին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որպեսզի այդ սարսափները չկորսվեն պատմության մեջ: Մենք հիշում ենք այնպես, որ մշտապես զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերով:

Փրկվածներից շատերը, որ ստիպված էին նոր տուն գտնել և նոր կյանք կառուցել, ցրվեցին աշխարհով մեկ, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անհաշիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց դեպի մեր ափեր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ սգում ենք մեր կորուստները, պետք է հայացք ուղղենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից զերծ մի աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքը շարունակել արժանապատվորեն և անվտանգ:  Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում կանխելու մեր վճռականությունը: Եվ եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր նահատակվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության ժամանակ»:

Այսպիսով`ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին