Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան առաջին պետությունն էր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Արարատ Միրզոյան

24 Ապրիլ, 2021 16:36
Ֆրանսիան առաջին պետությունն էր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Արարատ Միրզոյան

Հարգարժան պարոն նախագահ, պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,

հանձինս Ձեզ, պարոն նախագահ, եւ Ձեր գլխավորած պատվիրակության՝ ջերմորեն ողջունում եմ բարեկամ Ֆրանսիային Հայաստանում:

Շնորհակալություն եմ հայտնում Սենատի նախագահ պարոն Լարշեին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու իմ հրավերն  ընդունելու եւ լայն քաղաքական ներկայացվածություն ունեցող պատվիրակությամբ Հայաստան այցելելու համար:

Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001 թվականի օրենքի 20-ամյակը, որն ընդունվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ եւ իր առաջին ընթերցումն անցել է Ֆրանսիայի Սենատում: Ընդգծեմ, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կարեւոր ներդրում ունենալով ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում եւ հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության վերականգնման հարցում: Այս համատեքստում այսօր՝ ապրիլի 24-ին, մենք մեր երախտիքի խոսքն ենք հղում ֆրանսիացի ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ գաղթի ճանապարհը բռնած հազարավոր հայորդիներին հյուրընկալելու եւ ապագայի հանդեպ լույսը վառ պահելու համար:

Խիստ խորհրդանշական է, որ նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո, որը հանգեցրել է հսկայական մարդկային կորուստների եւ հումանիտար ծանր հետեւանքներ առաջ բերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար: Ուստի, այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության ու աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից:

Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային եւ անկողմնակալ դիրքորոշումն ու համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Այդ համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Ֆրանսիայի Սենատի կողմից 2020 թ. նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ լայն աջակցությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձեւը: Ընդգծեմ, որ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր աշխարհի խորհրդարանների շարքում, որն ընդունեց Արցախի ճանաչման կոչով բանաձեւ՝ ներառելով կարեւոր ու ազդեցիկ ուղերձներ` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ուստի, օգտվելով ընձեռնված առիթից՝ կցանկանայի անվանական շնորհակալություն հայտնել այս բացառիկ եւ Հայաստանի համար կարեւոր բանաձեւի ընդունման հարցում առանցքային ներդրում ունեցած գործիչներին, ովքեր այսօր այս պատվիրակության կազմում հյուրընկալվել են Հայաստանի Ազգային ժողովում: Նախեւառաջ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահ Լարշեին՝ բանաձեւը Սենատի օրակարգում ներառելու, դրան ցուցաբերած աջակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամությանն իր անմնացորդ հավատարմության համար:

Բանաձեւի մշակման եւ դրա կայացման համար ցուցաբերած սկզբունքայնության եւ համընդհանուր մարդկային արժեքներին իրենց հավատարմության համար երախտիքի խոսքեր եմ հղում.

 Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին,

Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին,

 

Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաներին,

Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելին,

Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասիին,

«Բնապահպանների» խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարին:

Այս բանաձեւի ընդունումն, անկասկած, ունի կարեւոր նշանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաեւ Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարեւոր երաշխիք: Այն կարեւոր սթափեցնող ուղերձ է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ագրեսոր Ադրբեջանին եւ նրան ամեն կերպ աջակցող Թուրքիային:

Նախագահ Լարշեի եւ պատվիրակության անդամների հետ անդրադարձանք նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար: Այս հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է, որն ուղեկցվում է միջազգայնորեն փաստագրված հայատյացության ակնհայտ դրսեւորումներով:

Իմ ֆրանսիացի գործընկերոջ եւ պատվիրակության անդամների հետ կարեւորեցինք նաեւ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության  հրատապ կարեւորությունը: Առանձին անդրադարձ կատարեցինք նաեւ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցությանը, որը հանդիսանում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների հիմնասյուներից մեկը:

Ավարտելով խոսքս՝ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆրանսիացի գործընկերներին: Ձեր ներկայությունն այսօր Ազգային ժողովում վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների եւ քաղաքացիների բարեկամության: Ոչ միայն ուրախությունը, այլեւ ցավն ու դառնությունը կիսելու, միասին ճանապարհ անցնելու վկայությունն է:

Շնորհակալություն:

 

Լրահոս

Դիտել ավելին