Կարևոր իրադարձություններ

Ռուս խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24 Ապրիլ, 2021 15:53
Ռուս խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Ռուս խորհրդարանականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարեցին «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

Տատյանա Կուսայկոն նշեց, որ ամբողջովին համաձայն է իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ նա հայերի սպանությունը համարում է Ռուսաստանի անձնական ցավը. «Թանգարան այցելությունն ինձ վրա թողեց ծանր տպավորություն, եւ հենց այս պահին շատ հուզված եմ խոսում: Հասկացա, թե ինչքան կարեւոր է ամբողջ աշխարհի համար բարեկամությունն ու խաղաղությունը, որ չկրկնվի մարդկության հանդեպ այսպիսի հանցագործությունը: Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք եւ դասեր քաղենք»:

ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելեցին նաեւ Երեւանի քաղաքապետարան` մասնակցելով «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Արցախում ստեղծված ձեռագրեր եւ գորգեր, ինչպես նաեւ Շուշիում տպագրված առաջին գրքերը: 

Ցուցահանդեսում ընդգրկվել են լուսանկարներ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին