Կարևոր իրադարձություններ

Առավել քան երբևէ պետք է համախմբվել մեր պետականության շուրջ, ազգովի միաբանվել և կառուցել հզոր երկիր․ Գնել Սանոսյան

24 Ապրիլ, 2021 11:57
Առավել քան երբևէ պետք է համախմբվել մեր պետականության շուրջ, ազգովի միաբանվել և կառուցել հզոր երկիր․ Գնել Սանոսյան
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձով է հանդես եկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ավելի քան 1 դար առաջ Թուրքիան սկիզբ դրեց մի հրեշավոր ոճրագործության, ինչի արդյունքում իր պատմական հայրենիքից բնաջնջվեց ու հայրենազրկվեց մեկուկես միլիոնից ավելի հայ, իսկ ցեղասպանությունից հրաշքով վերապրած հայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ:
 
Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը կրեց անասելի տառապանքներ ու զրկանքներ, կորցրեց բնակավայրեր, զրկվեց իր բնօրրանում խաղաղ ապրելու եւ արարելու հնարավորությունից։ Թուրքիան հայ ժողովրդի գոյությանը սպառնաց նաեւ 1918-1920 թվականների ընթացքում՝ հերթական արշավանքները ձեռնարկելով Արեւելյան Հայաստանի տարածքում։ Այդ արշավանքների նպատակը մեկն էր՝ ավարտել հայության դեմ գործադրվող ցեղասպան քաղաքականությունը։ Հետագա տարիների ընթացքում ևս Թուրքիան շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ, որոնք կյանքի կոչվեցին 90-ականների, ապա՝ 2020 թվականի Արցախյան հակամարտությունների ընթացքում: Փաստորեն, անցած 106 տարիների ընթացքում Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել իր արյունոտ անցյալից, այլ նաեւ նորովի է սպառնացել հայ ժողովրդի խաղաղ գոյությանը։
Առավել քան երբևէ պետք է համախմբվել մեր պետականության շուրջ, ազգովի միաբանվել եւ կառուցել հզոր երկիր։ Միայն այդպես մենք կարող ենք շտկել մեր մեջքը, բուժել մեր վերքերը եւ ոտքի կանգնեցնել մեր վիրավոր հայրենիքը։ Մեզ հարկավոր է համազգային միասնությունն ու փոխըմբռնումը, մեր իրավունքների ու նպատակների համար պայքարելու վճռականությունը։
Այս հավատով ու պարտքի գիտակցումով էլ խոնարհվում ենք մեր միլիոնավոր սրբադասված նահատակների հիշատակի առաջ եւ պարտավորվում՝ սիրով ու նվիրումով շարունակել մեր հայրենիքի պաշտպանությունն ու կառուցումը»։
 

Լրահոս

Դիտել ավելին