Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

24 Ապրիլ, 2021 10:25
Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ

Հայ ժողովուրդն իր պատմության ամենաողբերգական էջի՝ 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակում և ողջակիզված իր զավակների հիշատակը ոգեկոչում է իրեն պարտադրված գոյաբանական պատերազմի վերապրումի, պատերազմի ողբերգական հետևանքների ծանր բեռի տակ։ 

Պատերազմ, որ սանձազերծվեց էթնիկական ատելության, իր ազգային պատկանելության բերումով հայ բնակչության նկատմամբ պետականորեն տասնամյակներով սնուցված թշնամանքի և անհանդուրժողականության հողի վրա և ուներ անթաքույց նպատակ՝ իր պատմական կենսատարածքում ֆիզիկապես ոչնչացնելու արցախահայությանը և նրան զրկելու իր հայրենիքում ապրելու, արարելու և զարգանալու իրավունքից։ 

Պատերազմ, որի ընթացքում ցեղասպանական նկրտումներին հագուրդ տալու նպատակով, ինչպես 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության ներսում, գործի են դրվել վարձկան ահաբեկիչների ու մարդասպանների ոհմակներ, դիտավորյալ և պլանավորված կերպով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, հանրային ու սոցիալական ենթակառուցվածքները, միտումնավոր և վայրենի կերպով ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգությունն ու արժեքները՝ ակնհայտորեն նպատակ ունենալով վերացնելու հայկականության հետքերը, պատմական հիշողությունն ու հայկական ինքնության վկայությունները։

Նման մոտիվներով պատերազմի սանձազերծումն ու իրագործումը հնարավոր դարձավ նաև ու հատկապես այն պատճառով, որ աչք փակելով պատմական արդարության և դրա վերականգնման անհրաժեշտության հանդեպ, միջազգային լայն հանրության կողմից անգամ 106 տարի անց դեռևս հավուր պատշաճի չեն տրվել անհրաժեշտ քաղաքական, պատմական և մանավանդ իրավական գնահատականները ինչպես ինքնին հայերի ցեղասպանության, ունեզրկման և հայրենազրկման փաստին, այնպես էլ այդ անհերքելի իրողության հանդեպ թուրքական շարունակվող և ահագնացող ժխտողականությանը։ 

Չնայած բազմաթիվ երկրների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությանը՝ քաղաքական և աշխարհաքաղաքական այսօրեական շահերին տրվող նախապատվության պայմաններում Հայոց Ցեղասպանության իրավական գնահատումը մնում է օրակարգային՝ հատկապես նոր ցեղասպանությունների կանխարգելման, այս առումով առանձին պետությունների մոտ սեփական անպատժելիության ընկալումների ու համոզմունքների ակնառու ամրապնդումը թույլ չտալու տեսանկյունից՝ ոչ միայն հայ ժողովրդի համար այսօր էլ ակնհայտ գոյապահպանական մարտահրավերը խորությամբ գիտակցելու, այլ նաև իբրև  սերունդների առջև մարդկության պատասխանատվության գերխնդիր։  

Խոնարհվելով հայ ժողովրդին պատուհասած 20-րդ դարի մեծագույն ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի առջև՝ անհրաժեշտ ենք համարում ամրագրել, որ ցեղասպանության, որպես մարդկության դեմ ամենավտանգավոր հանցագործության համար պատասխանատվությունը, ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ։ 

Ելնելով առաջին հերթին իր անվտանգության առաջնայնություններից՝ հայ ժողովորդն ինստիտուցիոնալ իր բոլոր կառույցներով հետամուտ է պատմական արդարության վերականգնմանը, պատմական փաստերին, սեփական ամոթալի անցյալին  ժխտողականության առաջամարտիկների առերեսմանը՝ ունենալով մարդասիրության իրական արժեքներ դավանող, ազգային թշնամանքը, ատելությունը, ֆաշիզմի բոլոր տիպի դրսևորումները մերժող առաջադեմ մարդկության անվերապահ աջակցությունը։ 

 Որպես ցեղասպանության դժոխքներով անցած ու վերածնված, 21-րդ դարասկզբին նույն մոտիվներով սանձազերծված պատերազմի բովով անցած ժողովուրդ՝ այս նպատակին հասնելու, ի հեճուկս մեր թշմանիմների՝ հայրենիքի այս սուրբ կտորի վրա մեր գոյության ու զարգացման իրավունքը վերահաստատելու և ազգային պահանջներին տեր կանգնելու համար  անհրաժեշտ է հրաժարվել ներքին կործանարար բաժանարարներից, համախմբվել ազգապահպանության ամենակարևոր հենասյուների՝ հայոց պետականության գաղափարի և պետության հարատևության կոնցեպտի շուրջ, անմնացորդ և անվերապահ կերպով նվիրվել մեր վերքերի ամոքմանը, մեր անայլընտրանք հզորացման նախադրյալների վերարժևորմանը։ 

Սա է լինելու Հայոց Ցեղասպանության զոհերի հշատակի ոգեկոչման, նրանց սպասումների իրագործման ամենաշոշափելի և նվիրական  արդյունքը։

 

Լրահոս

Դիտել ավելին