Կարևոր իրադարձություններ

Մեր պայքարն արդարացված է, որովհետև անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները. Արարատ Միրզոյանի ուղերձը

24 Ապրիլ, 2021 09:08
Մեր պայքարն արդարացված է, որովհետև անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները. Արարատ Միրզոյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Միրզոյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մարդկության պատմության այս ամենազարհուրելի ոճրագործությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որ միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է և արդարացված։ Արդար է, որովհետև յուրաքանչյուր չճանաչված և չպատժված ոճրագործություն պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար։

Մեկդարյա պատմությունը ցույց տվեց, որ, ցավոք, ցեղասպանությունները և ցեղասպան գործողությունները կրկնվեցին նաև աշխարհի այլ հատվածներում։ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որ մենք որպես պետություն և ժողովուրդ մղում ենք, ըստ էության, ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր ազգերի և ժողովուրդների, որպեսզի նրանք չանցնեն նույնպիսի արհավիրքի միջով, ինչ նախորդ դարասկզբին վերապրեց հայ ժողովուրդը։

Մեր պայքարն արդարացված է, որովհետև անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները, որոնց հետ հայ ժողովրդի բնակությունն իր բնօրրանում անհամատեղելի է։ Դրա վառ ապացույցն էր նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Մենք, որպես պետականություն, որի մասին երազում էին նախորդ դարասկզբին մեր պապերը և որը մենք վերականգնեցինք արդեն դարի ավարտին, այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը, իսկ մեր հարևանները, ի վերջո, պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ։ Հավատացած եմ, որ համահայկական ողջ ներուժը կենտրոնանալու է ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»։

Լրահոս

Դիտել ավելին