Կարևոր իրադարձություններ

Ընտանիքի 4 անդամ սննդային թունավորում է ստացել, 12-ամյա դուստրը մահացել է․ ՀՀ ԱՆ

23 Ապրիլ, 2021 18:17
Ընտանիքի 4 անդամ սննդային թունավորում է ստացել, 12-ամյա դուստրը մահացել է․ ՀՀ ԱՆ

Ապրիլի 19-ին Գետահովիտ համայնքի 4 բնակիչ (նույն ընտանիքի անդամներ' հայր, մայր, որդի և դուստր) սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով ընդունվել են Իջևանի բժշկական կենտրոն։ Դուստրը (ծնված 2009 թվականին), ցավոք, մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատավական ծառայությունից:

Ընտանիքի 3 անդամը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Երևանի առաջին համալսարանական և Մուրացանի բժշկական կենտրոններ։ Բոլորն արդեն դուրս են գրվել։ 

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները կերել են այգուց հավաքած կանաչեղենի տապակա («գինեզոխ» անվանմամբ), որն էլ հանդիսացել է թունավորման հավանական պատճառ։

Լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով սննդից վերցվել են փորձանմուշներ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գինեզոխի 3 նմուշն էլ (հում, շոգեխաշած և տապակած) ունեն սուր թունավոր ազդեցություն։

Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման բուսատեսակների օգտագործումից, թունավորման ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշական օգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին