Կարևոր իրադարձություններ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ժամանակակից պրոթեզարան (լուսանկարներ)

23 Ապրիլ, 2021 17:45
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ժամանակակից պրոթեզարան (լուսանկարներ)

Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել նոր պրոթեզարանի բացման արարողությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների», Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հիմնած Հայ զինվորի պրոթեզավորման կենտրոնում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք կօգտվեն որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզավորման ծառայություններից:

 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարն ընդգծել է, որ կենտրոնի բացումը հայրենիքի պաշտպանների անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է:

«Մեր երկրին պատուհասած վերջին իրադարձությունները բոլորիս ստիպել են առերեսվել նոր իրականության հետ, ընդունել նոր մարտահրավերներ և միասնաբար պայքարել ու հաղթահարել դրանք: Այսօրվա միջոցառումն ասվածի վկայությունն է: Սիրելի՛ զինվորներ, դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք: Մենք հավերժ պարտական ենք ձեզ: Դուք արժանի եք լավագույնին՝ միշտ և ամենուր: Առանձնահատուկ շնորհակալ եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Նիդեռլանդների հայ համայնքին, Երևանի պետական բժշկական համալսարանին, «Աջակցություն վիրավոր զինվորին» ՀԿ-ին և նրանց, ովքեր հետևողական աշխատանքների, ներդրած ջանքերի գնով հասել են կենտրոնի բացմանը՝ այստեղ այցելող յուրաքանչյուր զինվորին լիարժեք կյանք վերադարձնելու հաստատակամ որոշմամբ»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը և հույս հայտնել, որ կենտրոնում գտնվող զինվորներից բացի՝ այլևս ոչ ոքի պրոթեզավորելու անհրաժեշտություն չի լինի։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ նորաբաց կենտրոնն ազգային արժանապատվության և հպարտության դրսևորում է.

«Այս կենտրոնը բժշկական համալսարանի և մեր գործընկերների ազգանվեր աշխատանքի արդյունք է: Սա ազգային արժանապատվության և հպարտության կենտրոն է: Հիրավի, այն կարող է դառնալ այն առանցքը, որի շուրջ հասարակությունը կարող է ունենալ համաձայնություն՝ աշխարհին ցույց տալով հայ զինվորի կամքը և հայ հասարակության միասնականությունը: Վերականգնողական կենտրոնը, այլևս ունենալով պրոթեզավորման ամբողջական հնարավորություններ, վերաձևավորվեց որպես Հայոց զինվորի տուն»:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ընդգծել է՝ կենտրոնի բացումն ապացույցն է այն բանի, որ հայ ազգն ունակ է վերականգնվել, ուժեղանալ և առաջ շարժվել.

«Բոլորս պարտք ունենք մեր երկրի առջև, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է անի առավելագույնը, որպեսզի մեր հայրենիքը զարգանա և ուժեղանա»:

Բացման արարողությունից հետո պրոթեզավորված զինվորները կյանքում երկրորդ անգամ առաջին քայլն են կատարել՝ ցույց տալով իրենց անկոտրում կամքը:

Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և մյուս պաշտոնյաները ծանոթացել ու զրուցել են զինվորների հետ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանությանն արիաբար մասնակցելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին