Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

22 Ապրիլ, 2021 18:11
Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը Օրենքի համապատասխանությունը որոշելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ Օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները:

Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը Օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Այն, սակայն, բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա էր դարձել: Շատ կառույցներ, մասնավորապես՝ Հանրային խորհուրդը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ մտահոգիչ եւ անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ՝ նշելով, որ դրանք ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը:

Դժգոհությունները հիմնականում վերաբերում էին տարիքային շեմ սահմանելուն, ԳԱԱ-ին տրվող կարգավիճակի, բայց առավելապես՝ ռեկտորների ընտրության եւ Հոգաբարձուների խորհրդում ձայների համամասնությանը(Խորհրդի 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը)։

Նշենք նաեւ, որ Ազգային ժողովը մեկ անգամ դեմ էր քվեարկել նախագծին, եւ այն կրկին տեղափոխվել էր առաջարկների ներկայացման փուլ: Շահագրգիռ կողմերի, ռեկտորների հետ քննարկումների արդյունքում՝ վերջնական տարբերակում փոփոխվել էին նախագծի որոշ դրույթներ: Մասնավորապես՝ ռեկտորների ընտրության և նշանակման հարցը, ռեկտորի համար սահմանված տարիքային շեմը, ռոտացիայի սկզբունքը, բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման դրույթը եւ այլն: 

 

Լրահոս

Դիտել ավելին