Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին

22 Ապրիլ, 2021 17:26
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ ուղեկցությամբ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վահագն Աթաբեկյանի:
 
Հանդիպմանը նախարար Օհանյանը Նորին Սրբությանը փոխանցել է Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ իբրև Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստան է ժամանել մասնակցելու ապրիլի 24-ի՝ Հայոց ցաղասպանության հիշատակի արարողություններին:
 
Նախարարն ընդգծել է նաև, որ լիբանանահայության համար ևս պատմական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծումն առաջնային է և հայ համայնքն իր հնարավորությունների սահմաններում փորձում է նպաստել դրանց հաղթահարմանը:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարար Վարդինե Օհանյանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել վերջինիս այս դժվարին ժամանակաշրջանում հայրենիք այցելության համար: Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդներին պատուհասած արհավիրքներին, վստահություն է հայտնել, որ դրանք կհաղթահարեն Աստծու օգնականությամբ, լավատեսությամբ ու պատմական փորձառության շնորհիվ: Հայոց Հայրապետն իր հերթին ի դեմս նախարարի՝ իր ողջույններն ու բարեմաղթություններն է փոխանցել Լիբանանի նախագահին և կառավարությանը:
 
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ հաստատել է, որ Լիբանանի իշխանությունները մշտապես աջակցել են Հայաստանին և բարձր գնահատել լիբանանահայ համայնքի գործունեությունն ի նպաստ Լիբանանի զարգացման ու առաջընթացի:
 
Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և ազգային կյանքի վերակազմակերպմանն աջակցելու համար: Հայոց Հովվապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրների բարեկամությունը պիտի շարունակի նորանոր արդյունքներ գրանցել և առավել ամրապնդվել:
 
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև լիբանանահայության կյանքին և դիմագրաված դժվարություններին՝ կարևոր նկատելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համայնքի պահպանման և զորացման գործում:
 

Լրահոս

Դիտել ավելին