Կարևոր իրադարձություններ

Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի. նախարարը մանրամասնել է ծրագրի կետերը

22 Ապրիլ, 2021 15:51
Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի. նախարարը մանրամասնել է ծրագրի կետերը

Գործադիրը հավանություն է տվել «Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին»: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախատեսված է 10 տարվա ընթացքում տարեկան 10 մլրդ դրամ հատկացնել Արցախի կառավարությանը` պատերազմի հետևանքների հաղթահարման նպատակով։ «Մասնավորապես` նախատեսվում է վնասի փոխհատուցում տրամադրել իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության շենք-շինություն, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ ու խաղողի այգիներ»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։

Նախարարը հայտնել է, որ մինչև 5 մլն դրամի աջակցությունը կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցության տեսքով, 5 մլն-ից ավելին` մուրհակի տեսքով: Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ առավելագույն փոխհատուցման չափը կկազմի մինչև 100 մլն դրամ։

Բացի այդ, նախատեսվում է պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների՝ մինչև 50 տոկոսի փոխհատուցում: Նախատեսվում է նաև ԱՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց հիպոթեկային, գյուղատնտեսական և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ վարկերի մասով մասնակի կամ ամբողջական փոխհատուցում առաջիկա երեք տարիների համար: Մեսրոպ Առաքելյանը հայտնել է նաև, որ, Արցախի գյուղական բնակավայրերում նախկինում լքված և կիսակառույց տների շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի շնորհիվ տունը կորցրած 300 արցախցի ընտանիք է հայրենիք վերադարձել:

Կառավարության մեկ այլ որոշմամբ պետբյուջից միջոցներ կհատկացվեն Արցախի Հանրապետության կառավարությանը՝ Արցախի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների սուբսիդավորում և Արցախի Հանրապետության ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձն ապահովելու համար։ Հիմնավորման համաձայն՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան գրության համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում սեփական եկամուտների նվազեցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ միջոցների չափը կազմում է 4,067,376.7 հազար դրամ, որից՝ 1,803,115.0 հազար դրամ էլեկտրաէներգիայի, 924,887.6 հազար դրամ գազամատակարարման, 918,581.2 հազ դրամ կապի ծառայությունների սուբսիդավորման, 420,792.2 հազ դրամ աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գծով։ Ըստ այդմ՝ նախատեսվել է 4,067,376․7 հազ. դրամ, որը Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնել է, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հաստատված ու ընթացիկ ծրագրերով Արցախին Հայաստանից տրամադրված աջակցությունն արդեն կազմում է 74 մլրդ դրամ։ Փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ բոլոր գերատեսչություններից խնայողությունների հաշվին պահուստային ֆոնդը համալրվել է մոտ 40 միլիարդով, որոնք կուղղվեն նաև նոյեմբերին վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի միջոցառումների իրագործմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին